Ծառայողական ավտոկայանատեղերի կազմակերպման թույլտվություն ստանալու կարգը Երևան քաղաքում

 Վերջերս Երևան քաղաքի քաղաքապետարանի, վարչական շրջանի ղեկավարների և ճանապարհային ոստիկանության կողմից համատեղ միջոցառում է իրականցվել՝ ուղղված ճանապարհային երթևեկությանը խոչընդոտող առարկաները անթույլատրելի վայրերից հեռացնելուն:

Տարիներ շարունակ քաղաքացիները և կազմակերպությունները «հնարավորություն» են ունեցել առանց համապատասխան թույլտվության (ինչն իրավական գնահատմամբ նշաանկում է ապօրինի) օգտագործելու իրենց սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող տարածքին հարակից հատվածները որպես սեփական ավտոկայանատեղի՝ տեղադրելով երրորդ անձանց համար կանգառն արգելող իրեր, նշաններ կամ գծեր, մինչդեռ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսդրությունը նախատեսում է տուգանք՝ առանց համապատասխան թույլտվության կանգնակների, արգելապատնեշների կամ այլ պարագաների միջոցով երթևեկելի մասը սահմանափակելու համար:

Հարցի կարգավորմանը մանրամասն անդրադառնում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքը:

Ինչ վերաբերում է կոնկրետ Երևան քաղաքին, Երևանի ավագանու կողմից հաստատված կարգի համաձայն Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում ծառայողական ավտոկայանատեղերը կազմակերպվում են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից Երևանի քաղաքապետին ուղղվող դիմումների հիման վրա՝ Երևան քաղաքի ավագանու որոշումներով:

Ծառայողական ավտոկայանատեղը կարող է տրամադրվել միայն դիմողին սեփականության իրավունքով պատկանող կամ այլ օրինական հիմքով տիրապետվող (օրինակ՝ վարձակալություն) և գործունեության իրականացման վայր հանդիսացող շենքին և/կամ շինությանը անմիջապես հարակից ճանապարհահատվածի սահմաններում նվազագույնը 3 ավտոտրանսպորտային միջոցների (անկախ կայանման ձևից) կայանման համար սահմանված չափերի սահմաններում։ Դիմումում նշվում են իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անուն ազգանուն հայրանունը, կազմակերպման վայրը, կազմակերպման ձևը: Դիմումին կից ներկայացվում են.

1) իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը, եթե դիմողն իրավաբանական անձ է կամ անձնագրի պատճենը՝ եթե դիմողը ֆիզիկական անձ է,
2) ավտոկայանատեղի կազմակերպման տարածքի տեղագրական հանույթը՝ ավտոկայանատեղի կազմակերպման տարածքի սահմանների նշումով,
3) սեփականության իրավունքով պատկանող կամ այլ օրինական հիմքով տիրապետվող այն շենքի կամ շինության կամ դրա մասի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, որին հարակից տարածքում հայցվում է ավտոկայանատեղի կազմակերպման թույլտվություն,

4) եթե տվյալ շենքը կամ շինությունը սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի անձանց, ապա այդ դեպքում շենքի կամ շինության բոլոր սեփականատերերի համաձայնությունը,
5) համապատասխան չափով տեղական տուրքի վճարման անդորրագիրը:

Հայցվող ծառայողական ավտոկայանատեղերի հստակ տեղերը, սահմանները և ավտոկայանատեղիում ավտոտրանսպորտային միջոցի կայանման ձևը նախապես ենթակա է համաձայնեցման ՀՀ ճանապարհային ոստիկանության հետ:

Երևան քաղաքի քաղաքապետարան դիմումը մուտք անելուց հետո 30 օրյա ժամկետում դիմողը ստանում է համապատասխան թույլտվությունը կամ նրա դիմումը մերժվում է՝ համապատասխան հիմնավորմամբ:

Ծառայողական ավտոկայանատեղերը պետք է ունենան հետևյալ կահավորումը՝
1) տարածքի մակերեսի կոշտ պատվածք, ծառայողական ավտոկայանատեղի սահմանների սահմանազատում փողոցի երթևեկելի մասում, կառուցվածքային տարրերով տարանջատում.

2) գետնանշում.
3) ծառայողական ավտոկայանատեղի տարածք ավտոտրանսպորտային միջոցների մուտք գործելու, տարածքից դուրս գալու մատչելի և անվտանգ ուղիներ.
4) համապատսխան ճանապարհային նշաններ, ինչպես նաև  «Ծառայողական» ցուցանակ.
5) ծառայողական ավտոկայանատեղի համար մատչելի և տեսանելի վայրերում տեղադրված ցուցանակ, որը պետք է պարունակի ծառայողական ավտոկայանատեղի կազմակերպչի լրիվ անվանումը կամ անունը և ազգանունը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը, ավտոկայանատեղի աշխատանքային ռեժիմը: Ցուցանակի ձևին, չափին և գույնին ներկայացվող պահանջները սահմանվում են Երևանի քաղաքապետի որոշմամբ:

 

Մարգարիտա Խաչատրյան