Ո՞ր դեպքերում կարող են հարկային հաշվարկները հարկային մարմին ներկայացնել թղթային տարբերակով:

2017թ.-ի սեպտեմբերի 7-ին ՀՀ Կառավարությունը ընդունեց N1107-Ն որոշումը, որով սահմանեց հարկային հաշվարկները հարկային մարմին թղթային եղանակով ներկայացնելու դեպքերը:

ՀՀ Հարկային օրենսգրքի 53-րդ հոդվածը սահմանում է, որ հարկային հաշվարկները հարկային մարմին են ներկայացվում էլեկտրոնային եղանակով: Բացառություն են կազմում այն հարկային հաշվարկները, որոնցում պարունակվում է գաղտնիք համարվող և (կամ) սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն: Վերջիններս  կարող են հարկային մարմին ներկայացվել նաև թղթային եղանակով:

Նշված հոդվածով, բացի վերոնշյալ դեպքից, սահմանվում է նաև, որ ՀՀ Կառավարությունը կարող է նախատեսել նաև այլ դեպքեր, երբ հնարավոր է հարկային հաշվարկները թղթային եղանակով ներկայացնել հարկային մարմին:
Եվ այսպես ՀՀ Կառավարությունը 2017թ.-ի սեպտեմբերի 7-ին ընդունած N1107-Ն որոշմամբ սահմանեց, թե որոնք են այդ դեպքերը:

ՀՀարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման դեպքում հարկային հաշվարկները հարկային մարմին կարող են ներկայացվել թղթային եղանակով՝ փոստային կապի միջոցով` պատվիրված նամակով կամ առձեռն:

Բացառություն է կազմում միայն եկամտային հարկի հաշվարկը, որը հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանումն ավարտվելուց հետո պարտադիր պետք է ներկայացվի էլեկտրոնային եղանակով:

Թղթային եղանակով հարկային հաշվարկներն ընդունող աշխատողը ստուգում է հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման փաստը հարկային մարմնի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության հիման վրա, որտեղ նշվում են խափանման ժամկետի սկիզբը և ավարտը:

Որոշումն ուժի մեջ է մտնելու 2018 թվականի հունվարի 1-ից:

Հեղինակ՝ Լուսինե Չիլինգարյան

Փնտրո՞ւմ եք փորձառու մասնագետ