Հարևանային իրավունք. նոր կարգավորումներ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում

2018թ.-ի փետրվարի 1-ից ՀՀ Քաղաքացիական օրենսգիրքը լրացվում է ևս մեկ՝ 14.2 գլխով՝ վերնագրված՝ «Հարևանային իրավունք»: Ինչպես և հուշում է անվանումը՝ օրենսգրքի նոր գլուխը կարգավորում է որոշակի «հարևանային» իրավահարաբերություններ, տվյալ դեպքում, մասնավորապես, կապված հողամասերի կամ այլ անշարժ գույքի փոխադարձ ազդեցության, ջրօգտագործման, բաժանագծի անցկացման և հարևանների միջև ծագող այլ իրավահարաբերությունների հետ:

Հիշարժան է, որ հարևանային համարվող անշարժ գույքի սեփականատերերը ունեն փոխադարձ հարգանք ցուցաբերելու պարտականություն: Այսպես՝  հարևան անշարժ գույքի սեփականատերը կամ օրինական տիրապետողը չի կարող արգելել հարևան տարածքից գազի, գոլորշու, հոտի, մրի, ծխի, աղմուկի, ջերմության կամ այլ ազդեցություն, եթե այն չի խոչընդոտում իր անշարժ գույքի օգտագործումը, կամ պայմանավորված է գույքի` տվյալ տարածքին բնորոշ ձևով բնականոն օգտագործմամբ, կամ այդպիսի ազդեցությունն աննշան է։ Իսկ, եթե ազդեցությունը գերազանցում է նորմատիվներով սահմանված չափը և չի կարող վերացվել ողջամտորեն, իսկ սեփականատերը ստիպված է հանդուրժել այն, ապա նա կարող է հարևան տարածքի սեփականատիրոջից պահանջել դրամական փոխհատուցում (մանրամասները որոշում են կողմերը, իսկ համաձայնության չգալու դեպքում՝ դատարանը):

Ավելին, հողամասի սեփականատերը կամ օրինական տիրապետողը կարող է կտրել և իրեն վերցնել ծառի կամ թփի ճյուղերը, արմատները, որոնք հողամաս են անցել հարևան հողամասից, եթե նախապես պատշաճ ծանուցել է հարևանին՝ պահանջելով հեռացնել իր հողամասից, սակայն ողջամիտ ժամկետներում միջոցներ չեն ձեռնարկվել: Հարևան հողամասի վրա ընկած ծառերի կամ թփերի պտուղները համարվում են այդ հողամասի պտուղներ, եթե, իհարկե այլ բան նախատեսված չէ հարևանների փոխադարձ համաձայնությամբ:

Հետաքրքիր է վիճելի սահմանի հետ կապված հարցը. մասնավորապես, եթե կա վեճ  և  անհնար է իրավահաստատող փաստաթղթերով որոշել ստույգ սահմանը, ապա բաժանագիծն անցկացնելու համար որոշիչ է համարվում հարևանների փաստացի տիրապետումը: Եթե դա էլ հնարավոր չէ որոշել, ապա յուրաքանչյուր հողամասին միացվում է վիճելի տարածքի հավասար մասը:

Հարևանային համարվող գույքի սեփականատերը կամ օրինական տիրապետողը պետք է միջոցներ ձեռնարկի, որ հարևանային համարվող գույքի տանիքից կամ օժանդակ շինությունից ջուրը, սառույցը կամ ձյունը չթափվեն հարևան հողամասի վրա։

Վերոնշյալ պարբերության գործողությունը տարածվում փոփոխությունն ուժի մեջ մտնելուց հետո կառուցվող շենքերի, շինությունների նկատմամբ։ Իսկ այս փոփոխությունն ուժի մեջ է մտնում 2018 թվականի փետրվարի 1-ից:

Փնտրո՞ւմ եք փորձառու մասնագետ