Փոփոխություններ՝ գրանցման հայտերի ներկայացման ժամկետների և կարգի հետ կապված

Որոշակի փոփոխություններ՝ կապված գրանցման հայտերի ներկայացման ժամկետների և կարգի հետ:

ՀՀ հարկային օրենսգրքի ընդունմամբ և ուժի մեջ մտնելով պայմանավորված՝ որոշակի փոփոխությունների ենթարկվեց նաև «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքը (փոփոխությունը՝ ՀՕ-285-Ն, ընդունված՝ 21.12.2017թ.):

Մասնավորապես, 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ հարկային օրենսգրքի 156 հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ նոր աշխատողին[1] աշխատանքի ընդունելուց հետո                      (ներառյալ՝ աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելու դեպքերում), բայց ոչ ուշ, քան մինչև տվյալ աշխատողի կողմից աշխատանքը փաստացի սկսելու օրվան նախորդող օրվա ավարտը, հարկային գործակալները պարտավոր են հարկային մարմին ներկայացնել նոր աշխատողի գրանցման հայտ:

Նախկինում լինում էին դեպքեր, երբ պայմանագրի կնքման և աշխատանքը փաստացի սկսելու օրերը իրար հետ կարող էին համընկնել, ինչը չէր հակասում ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջներին: Այժմ ըստ փոփոխության մեկնաբանման, ստացվում է, որ աշխատանքային պայմանագիրը պետք է կնքվի նախօրոք՝ մինչև աշխատանքի փաստացի անցնելը, ինչը որոշակիորեն՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքով չսահմանված նոր պարտականություն է առաջացնում գործատուի համար:

Միևնույն ժամանակ «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ վարձու աշխատողին աշխատանքից ազատելու (ներառյալ՝ աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) քաղաքացիաիրավական պայմանագրերի գործողության դադարեցման դեպքերում), մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ տրամադրելու, այդ արձակուրդն ավարտվելու դեպքում, գործատուները գրանցման հայտը ներկայացնում են, ոչ ուշ, քան հանգամանքն առաջանալու հաջորդող երրորդ աշխատանքային օրը:

Բացի վերը նշված փոփոխությունից, փոփոխվել է նաև աշխատանքային պայմանագրով աշխատողների համար գրանցման հայտ ներկայացնելու կարգը:

Մասնավորապես, գրանցման հայտը լրացվել է սյունակներով, որտեղ այսուհետ պետք է լրացվի վարձու աշխատողի աշխատաժամանակի ռեժիմը (նորմալ կամ ոչ լրիվ աշխատաժամանակ): Ընդ որում, ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմով աշխատելու դեպքում անհրաժեշտ է լրացնել նաև աշխատաժամանակի շաբաթական տևողությունը: Միևնույն ժամանակ, նշված պահանջները չեն վերաբերում այն աշխատողներին, որոնց համար սահմանված է աշխատաժամանկի կրճատ տևողություն:

Նոր փոփոխությամբ աշխատողի համատեղությամբ աշխատանք կատարելու մասին տեղեկատվությունը նույնպես լրացվեՙլու է գրանցման հայտում:

 

[1] Բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձանց

 

 

Հեղինակ՝ Անահիտ Սարգսյան