2017թ-ի հունվարի 1-ից սկսած դրոշմանիշային վճարներ վճարելու վերաբերյալ

Գործատուների համար պարտադիր կատարման ենթակա՝ 2017թ-ի հունվարի 1-ից սկսած դրոշմանիշային վճարներ վճարելու վերաբերյալ.
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքը ընդունվել է 16.12.2016թ., ուժի մեջ մտել՝ 09.01.2017թ.
Օրենքի կարգավորման առարկան. հիմնական դրույթները հարկային գործակալի և եկամուտ ստացողի համար. ‹‹Պարադիգմա Արմենիա›› ՓԲԸ-ի մասնագետների մոտեցումը [1].

Կարգավորում է մարտական գործողությունների հետևանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման, հատուցման հիմնադրամի ստեղծման և գործունեության հետ կապված հարաբերությունները: Օրենքը միաժամանակ նախատեսում է որոշակի պարտադիր վճար կատարելու պարտավորություն ստացման ենթակա եկամուտ ունեցող ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար: Պարտադիր՝ դրոշմանիշային վճարը պետական բյուջե հասցնելու պարտավորությունը, որպես կանոն, կրում է հարկային գործակալը:
Այսպիսով՝
Դրոշմանիշայն վճարներ կվճարեն.

  • Աշխատանքային պայմանագրի շրջանակներում՝ ստացման ենթակա հաշվեգրված եկամուտ ունեցող ՀՀ-ում կամ ՀՀ-ից դուրս աշխատող ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք և ՀՀ-ում աշխատող ՀՀ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք,
  • Աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման պայմանագրերի շրջանակում հաշվետու ժամանակաշրջանում հաշվեգրված եկամուտներ ունեցող ՀՀ-ում կամ ՀՀ-ից եկամուտ ստացող ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք և ՀՀ աղբյուրից եկամուտ ստացող ՀՀ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ինչպես նաև
  • ՀՀ-ում հաշվառված և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ԱՁ-ները և նոտարները՝ նոտարական գործունեությունից:

Դրոշմանիշային վճարներ չեն վճարի.

  • Աշխատանքային պայմանագրի շրջանակներում՝ հաշվետու ժամանակաշրջանում հաշվեգրված եկամուտ չունեցող ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձ և ՀՀ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ինչպես նաև միայն մեկ աշխատանքային պայմանագրով աշխատողները, ում ստացման ենթակա աշխատավարձը չի գերազանցում նվազագույն աշխատավարձը[1],
  • Աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման պայմանագրերի շրջանակներում՝ հաշվեգրված եկամուտ չունեցող ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ՀՀ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք,
  • Ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի համար ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտ չունեցող ԱՁ և նոտար՝ նոտարական գործունեության մասով:

Դրոշմանիշային վճարները կարող են հետ ստանալ.

  • Ֆիզիկական անձը, ով միաժամանակ աշխատում է աշխատանքային պայմանագրով և հանդիսանում է անհատ ձեռնարկատեր, նոտար և (կամ) աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրով ստանում է եկամուտ,
  • Ֆիզիկական անձը, ով նույն հաշվետու ժամանակաշրջանում եկամուտներ է ստանում տարբեր անձանց հետ կնքված՝ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման պայմանագրերից,
  • Նույն ֆիզիկական անձն աշխատանքային պայմանագրով աշխատում է մեկից ավելի գործատուի մոտ:

 Վճարման ժամկետներ

  • Աշխատանքային պայմանագրով աշխատողներ և աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման պայմանագրով աշխատանք կատարող ֆիզիկական անձանց համար՝ հաշվարկման ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ,
  • ՀՀ-ում հաշվառված և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ԱՁ-ների և նոտարների համար՝ հաշվետու ժամանակաշրջան՝ օրացուցային տարին:

Դրոշմանիշային վճարի չափը

  • 1000 ՀՀ դրամ՝ հաշվետու ժամանակահատվածի համար, աշխատանքային պայմանագրով աշխատող կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման պայմանագրով աշխատողների համար,
  • 12000 ՀՀ դրամ հաշվետու ժամանակահատվածի համար՝ ՀՀ-ում հաշվառված և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող  Ա/Ձ-ների և նոտարների համար՝ նոտարական գործունեության մասով,
  • Հարկային գործակալ հանդիսացող գործատուների դեպքում դրոշմանիշային վճարները կատարվում են գործատուի կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակներում՝ Պատվիրատուի կողմից: Գործատուի կամ Պատվիրատուի հարկային գործակալ չհանդիսանալու պարագայում, դրոշմանիշային վճարները կատարվում են ինքնուրույն՝ աշխատողի կամ աշխատանք կատարողի կողմից: ՀՀ-ում հաշվառված և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ԱՁ-ները և նոտարական գործունեությամբ զբաղվող նոտարները դրոշմանիշային վճարները կատարում են ինքնուրույն:

 [1] Նշված մոտեցումը հանդիսանում է նախնական և ընդհանուր կարծիք, մասնագիտական հաղոր­դա­կցության համար է և չի կարող հիմք հանդիսանալ որոշում կայացնելու համար: Հորդորում ենք կոնկրետ իրավիճակում հաշվի առնել կիրառման պահի  օրենսդրության դրույթները և գործարքի բոլոր հանգամանքներն ու առանձնահատ­կություն­ները, անհրաժեշտության դեպքում ստանալով նաև համապատասխան խորհդատվություն:  

[2] Տվյալ դեպքում դրոշմանիշային վճարը կատարում է տվյալ անձանց աշխատավարձ վճարող գործատուի կողմից՝ իր միջոցների հաշվին:

Փնտրո՞ւմ եք առաջին կարգի խորհրդատու