Հայաստանը ներքաշվում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման մեջ՝ Ղազախստանի միջնորդությամբ, որը թյուրքական աշխարհի կարևոր մասն է։ NEWS.am-ի «ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ» հաղորդման եթերում նման տեսակետ է հայտնել ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը։
«Սա կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին»,- նշեց Այվազյանը
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին Ղազախստանում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։
Ըստ Այվազյանի՝ Ադրբեջանն արդյունավետ ռազմական էքսպանսիայի իրականացնելով՝ անցնում է նաև տնտեսական էքսպանսիային, և այն, ինչը հիմա տեղի են ունենում Տավուշում, ունեն նաև տնտեսական բաղադրիչ, քանի որ Հայաստանի տնտեսական կյանքը կարող է կախվածության մեջ հայտնվել Ադրբեջանից։
«Որքան գիտեմ, Հայաստանին մատակարարող գազատարի երթուղու փոփոխությունը կարող է տևել երկու տարի և արժենալ մոտ 150 միլիոն դոլար։ Բացի այդ, Ադրբեջանը մշակութային էքսպանսիա է իրականացնում՝ Եկեղեցու և մեր պատմության դեմ հարձակումների տեսքով։ Պետք է դիվանագիտության մեջ ճիշտ օգտագործենք Հայ եկեղեցու գործոնը և խուսափենք նրա վրա հարձակումներից։ Եկեղեցին կարող է կանգնեցնել պետության կործանումը»,- ասաց Այվազյանը։
Նա ընդգծեց՝ այն, որ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածքները դարձել են վեճի առարկա, հետեւանք է Երեւանի վարած քաղաքականության։
«Հայաստանի իշխանություններն իրենք են ընդունում, որ Ադրբեջանը սպառնում է պատերազմով։ Սա խոսում է այն մասին, որ այս ամբողջ գործընթացը հակասում է միջազգային իրավունքին՝ զիջումներն արվում են Ադրբեջանի կողմից ուժի սպառնալիքի ներքո, և այդ որոշումները չեղյալ են համարվելու Հայաստանի հաջորդ իշխանությունների կողմից, արտաքին դերակատարներն էլ ըմբռնումով կմոտեն դրան։ Ի վերջո, պատերազմը չի ավարտվել, և եթե այն վերսկսվի, Հայաստանը դրան կմոտենա էլ ավելի թուլացած վիճակում։ Միաժամանակ, Հայաստանը կարող է զսպման քաղաքականություն վարել և խուսափել պատերազմից»,- եզրափակեց նախկին արտգործնախարարը։