Մոսկվան երբեք չի հրաժարվել Երևանի և Բաքվի միջև բանակցություններում ազնիվ միջնորդի իր դերից․ Սերգեյ Կոպիրկին

Մոսկվան երբեք չի հրաժարվել Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացում ազնիվ միջնորդի իր դերից, ինչի վառ հաստատումներն են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին շփումներն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Այս մասին «Դաշնակիցներ․ ՀԱՊԿ» հասարակական-քաղաքական հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում ազնիվ միջնորդի իր դերից։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին շփումները, մասնավորապես՝ օգոստոսի 18-19-ին նրա պետական ​​այցը Ադրբեջան և հեռախոսազրույցները Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ, որոնց ընթացքում շեշտը դրվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերի վրա, դրա վառ հաստատումն են»,- ասել է դիվանագետը։

Դեսպան Կոպիրկինն իր խոսքում հերթական անգամ նշել է, որ ռուսական կողմի և անձամբ Պուտինի շնորհիվ է, որ հաջողվել է կանգնեցնել 2020 թվականի 44-օրյա պատերազմը, մշակել և կյանքի կոչել տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի մեխանիզմը։

«Մենք անկեղծորեն շահագրգռված ենք բանակցությունների հաջողությամբ, մեր ամենամոտ հարևանների, գործընկերների և դաշնակիցների տարածքներում բարգավաճմամբ ու խաղաղությամբ», – նշել է ՌԴ դեսպանը՝ հավելելով, որ Ռուսաստանը երկու դաշնակիցների (խմբ․ նկատի են առնվում Հայաստանն ու Ադրբեջանը) միջև հավասարակշռված խաղաղության պայմանագրի կնքումը համարում է անվտանգության և կայուն սոցիալ-տնտեսական զարգացման ճարտարապետության կառուցման անփոխարինելի նախապայման։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով