«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական կենսակերպի խթանման հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի հետ համատեղ հայտարարության ընթացքում։
«Հայաստանը մեծապես կարևորում է մուտքի արտոնագրերի, վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը՝ միաժամանակ գիտակցելով, որ վերջնանպատակին հասնելու համար անհրաժեշտ է հետևողական և հասցեական աշխատանք։
Մենք այս գործընթացին իրապես վերաբերվում ենք որպես միգրացիայի, մարդկանց տեղաշարժի և սահմանների կառավարման ոլորտների ռազմավարական օրակարգ»,-ընդգծեց Գրիգորյանը՝ նշելով, որ ներկայում պաշտոնապես ազդարարվում է մի գործընթացի մեկնարկ, որի արդյունքում հնարավոր կլինի հասնել ԵՄ-ի կողմից մուտքերի արտոնագրերի, վիզաների ռեժիմի ազատականացմանը։
«Ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնառությունը՝ Եվրոպական հանձնաժողովի հետ առաջ շարժվելու երկկողմ օրակարգով նախանշված անհրաժեշտ բարեփոխումների իրականացման ճանապարհով, որն ուղղված է Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը»,-հավելեց ՀՀ փոխվարչապետը՝ շնորհավորելով բոլորին ԵՄ մուտքի արտոնագրերի, վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկի կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթեց։