Ամերիկացի միլիարդատեր Դեյվիդ Սաքսը իր X-ում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ռիսկի է դիմում՝ պատրաստվելով Ուկրաինային թույլտվություն տալ խոցել Ռուսաստանի խորքային թիրախները ամերիկյան ATACMS օպերատիվ-տակտիկական հրթիռներով։ Այս մասին սեպտեմբերի 12-ին գրել է ՌԻԱ Նովոստին։
«Սպիտակ տունը պատրաստ է կանաչ լույս վառել ամերիկյան հրթիռների օգտագործմանը՝ Ռուսաստանի խորքում գտնվող թիրախները խոցելու համար… Ինչո՞ւ ենք մենք գնում այս ռիսկի։ Ուկրաինան ոչ պայմանագրային դաշնակից է, ոչ էլ կենսական շահ»,- գրել է Սաքսը։
Սաքսն ընդգծել է, որ Բայդենը «մի անգամ զգուշացրել է», որ դա կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի։ Նա հավելել է, որ Ռուսաստանն ունի պատասխան հարված հասցնելու «շատ ուղիներ»։
«ՌԻԱ Նովոստի»-ն մեջբերում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը, ով ավելի վաղ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի երկրների ներկայացուցիչները պետք է տեղյակ լինեն, թե «ինչի հետ են խաղում», երբ խոսում են այն ծրագրերի մասին, որոնք թույլ կտան Կիևին խոցել ռուսական տարածքի խորքում գտնվող թիրախները՝ օգտագործելով Ուկրաինայի զինված ուժերին Արևմուտքի կողմից տրամադրվելիք հրթիռային համակարգեր: