Իսրայելի վարչապետ Բնեիամին Նեթանյահուն Իսրայելի բանակին կարգադրել է թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները, հայտնում է timesofisrael.com-ը՝ Channel 12-ին հղումով:
Իսրայելի վարչապետի որոշումը պայմանավորված է միջազգային հանրության՝ Իսրայելի և Լիբանանի միջև 21 օրով հրադադար հաստատելու առաջարկով:
Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և մի շարք դաշնակիցներ կոչ են արել անհապաղ 21-օրյա հրադադար հաստատել Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև՝ միաժամանակ աջակցություն հայտնելով Գազայում հրադադարի հաստատմանը, ասվում է երկրների համատեղ հայտարարության մեջ, որը չորեքշաբթի հրապարակել է Սպիտակ տունը՝ Լիբանանում ստեղծված իրավիճակի թեմայով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ավարտից հետո:
«Իրավիճակը Լիբանանի և Իսրայելի միջև 2023 թվականի հոկտեմբերի 8-ից ի վեր անտանելի է և ներկայացնում է ավելի լայն տարածաշրջանային էսկալացիայի անընդունելի վտանգ: Սա ոչ մեկի շահերից չի բխում, ո՛չ Իսրայելի, ո՛չ էլ Լիբանանի ժողովրդի շահերից: Ժամանակն է հասնել դիվանագիտական կարգավորման, որը թույլ կտա սահմանի երկու կողմի խաղաղ բնակիչներին ապահով վերադառնալ իրենց տները»,- ասվում է հայտարարության մեջ։