Մարդիկ այլևս որևէ պատճառ չեն տեսնում իրենց ամբողջապես Եվրամիության հետ չկապելու համար․ Միրզոյան

Գաղտնիք չէ, որ հայ հասարակության մեջ ահռելի հիասթափություն կա Ռուսաստանի, նրա հետ դաշնակցային հարաբերությունների նկատմամբ. այս մասին Վարշավայի անվտանգության համաժողովում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Հայ ժողովուրդը տասնամյակներ շարունակ հավատացած էր, որ եթե ինչ-որ բան պատահի, ՌԴ-ն կօգնի, կպաշտպանի մեզ:

Բայց հայերը տեսան՝ դա այդպես չէ, մենք չստացանք այդ օգնությունը: Ավելին՝ 2020-ի պատերազմից հետո ՌԴ խաղաղապահներն ուղարկվեցին Լեռնային Ղարաբաղ, սակայն մենք տեսանք, որ հարկադիր տեղահանման ժամանակ խաղաղապահ առաքելությունը չաշխատեց, չարդարացրեց իրեն», — ասել է Միրզոյանը:

Նա նաև հիշեցրել է, որ երբ հարձակում տեղի ունեցավ ՀՀ-ի միջազգայնորեն ճանաչված սահմանների վրա, ՀԱՊԿ-ի շրջանակում Երևանի պաշտոնական դաշնակիցները չեն արձագանքել ՀՀ-ի սպասումներին համապատասխան: Ըստ Միրզոյանի՝ այս ամենը հանգեցրել է նրան, որ ՀՀ բնակչությունը հիասթափվել է և այժմ այլընտրանքներ է փնտրում: «Այս իրավիճակը մեզ ավելի է մոտեցրել Եվրամիությանը, ԱՄՆ-ին: Հասարակության արժեքների համատեքստում մենք մոտ էինք ԵՄ-ին, արևմտյան երկրներին, բայց անվտանգության համատեքստում ՝ Հայաստանի ժողովուրդը հոգեբանորեն իրեն կապում էր ՌԴ-ի հետ:

Հիմա այս երկրորդ բաղադրիչն ի չիք է դարձել: Մարդիկ այլևս որևէ պատճառ չեն տեսնում իրենց ամբողջապես Եվրամիության հետ չկապելու համար», — ասել է Միրզոյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով