Ռուսաստանը չի միջամտում Վրաստանի ներքին գործերին: Այս մասին, «Ведомости»-ի փոխանցմամբ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ արձագանքելով Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությանը, թե Վրաստանը ղեկավարվում է «ռուսական կառավարության» կողմից։
Զուրաբիշվիլին նաև մեղադրել էր իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը՝ հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունները կեղծելու ցանկության մեջ։
«Մենք ոչ մի կերպ չենք միջամտում Վրաստանի ներքին գործերին և չենք էլ պատրաստվում դա անել, փոխարենը տեսնում ենք արևմտյան երկրների կողմից Վրաստանի ներկայիս իշխանությունների վրա ճնշում գործադրելու և նախընտրական քարոզարշավի ընթացքի վրա ազդելու անթաքույց փորձեր»,- այս առնչությամբ ասել է Պեսկովը։
Նա նշել է նաև՝ չնայած Վրաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերություններում որոշակի խնդիրներ կան, երկկողմ կապերը պահպանվում են։
«Վրաստանը մեր հարևանն է. երկկողմ հարաբերություններում առկա բարդությունները խոչընդոտ չեն հանդիսանում երկու երկրների ժողովուրդների միջև հումանիտար կապերի զարգացման համար, մարդիկ շարունակում են ճանապարհորդել ինչպես Ռուսաստանից Վրաստան, այնպես էլ Վրաստանից Ռուսաստան»,- հավելել է Պեսկովը։