Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների արտակարգ և լիազոր դեսպաններին՝ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ:
Վարչապետը կարևորել է Հայաստան-ԵՄ բազմաոլորտ համագործակցությունն ու ևս մեկ անգամ ընդգծել ՀՀ Կառավարության պատրաստակամությունը՝ խորացնելու և ընդլայնելու բազմաոլորտ հարաբերությունները եվրոպական գործընկերների հետ: Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանը շեշտել է նախորդ տարվա հոկտեմբերին Գրանադայում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ համատեղ հայտարարությամբ, ինչպես նաև այս տարվա ապրիլին Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ և հետևողական իրականացման անհրաժեշտությունը: