Ձևավորել կրթական միջավայր, որի առանցքում կլինի կրթությունը. Փաշինյանը՝ Ակադեմքաղաքի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Պոլիտեխնիկական համալսարանի, Ագրարային համալսարանի, Ճարտարապետաշինարարական համալսարանի պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմի, գիտահետազոտական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչների ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» նախագծի տեխնոլոգիական կլաստերի նկարագիրը:

 

Նիկոլ Փաշինյանը խոսել է Ակադեմիական քաղաք նախագծի մասին և նշել, որ այն հեղափոխական գաղափար չէ: «Պիտի ասեմ, որ իրականում «Ակադեմիական քաղաք» նախագիծը հեղափոխական գաղափար չէ, այլ «Ակադեմիական քաղաք» նախագիծը փորձ է զարգացնելու և հետագա զարգացումն ապահովելու Հայաստանում հաստատված կրթական, գիտակրթական լավագույն ավանդույթների»,- նշել է վարչապետը և հավելել, որ ի սկզբանե որպես գիտակրթական միջավայր նախագծված Երևան քաղաքի կենտրոնն ավելի շատ դարձել է կոմերցիոն միջավայր, որն ինչ-որ չափով հակադիր է կրթական միջավայրին: «Գլոբալ առումով «Ակադեմիական քաղաքի» գաղափարը հետևյալն է՝ ձևավորել կրթական միջավայր, որի առանցքում կլինի հենց կրթությունը, գիտությունը, հետազոտությունը և կյանքը կկազմակերպվի կենտրոնում՝ ունենալով այս ռազմավարական նպատակները»,-ընդգծել է Կառավարության ղեկավարը:

 

Վարչապետը նաև նշել է, որ «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագիծը նախագծող GMP International GmbH Architects and Engineers ընկերության հետ համատեղ մշակված հայեցակարգային պլանի վրա է հիմնված լինելու հետագա բովանդակությունը:

 

Այնուհետև՝ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Ակադեմիական քաղաք»-ի առանցքային բաղադրիչներից մեկը՝ սոցիալական բաղադրիչը, ըստ որի՝ բոլոր ուսանողները, ովքեր անհրաժեշտությունը կունենան, կապահովվեն ուսանողական կացարաններով, ինչն այսօրվա բուհական համակարգի ամենամեծ խնդիրներից մեկն է: Վարչապետն անդրադարձել է նաև բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների համար ուսման վարձի ճկուն համակարգին: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ բազմաթիվ ուսանողներ իրենց առաջին աշխատանքային փորձը կունենան հենց «Ակադեմիական քաղաք»-ում իրենց իսկ մասնագիտությունների գծով: Այս համատեքստում, վարչապետը նշել է, որ «Ակադեմիական քաղաք»-ն իրականում բազմաշերտ նախագիծ է:

 

Ընդգծելով նմանատիպ հանդիպումների կարևորությունը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այն, ինչ մենք առաջարկում ենք՝ ռազմավարական հայեցակարգային նախագիծ է, և հույս ունենք, որ այս կարգի քննարկումների արդյունքում այս նախագիծը նաև ձեր հարցադրումների, շեշտադրումների, առաջարկների, պատկերացումների բերումով էականորեն կզարգանա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Վարչապետն ընդգծել է՝ շատ կարևոր է, որ «Ակադեմիական քաղաք»-ի բոլոր կլաստերները կունենան իրենց ավագ դպրոցները և նշել, որ սա կարևոր է նրանով, որ դպրոցից բուհ սահուն անցում կատարելու հնարավորություն է ընձեռվում:

 

Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով ՏԵխնոլոգիական կլաստերը, խոսել է start up թաղամասի մասին, համոզմունք հայտնել, որ տեխնոլոգիական կլաստերը հնարավորություն կտա ակադեմիական զուտ ուսումնառությունը համատեղել գործնական, պրակտիկ հմտությունների ձեռքբերման հետ, աշխատանքային հմտությունները տեղում զարգացնել, փորձարկել, որն իր հերթին հնարավորություն կտա գնահատել տեխնոլոգիական կրթության որակը և մակարդակը:

 

Ամփոփելով իր խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը խոսել է «Ակադեմիական քաղաք» տանող երկաթուղային հանգույցի, տրանսպորտային համակարգի մասին, նշել, որ այդ համատեքստում Կառավարության նախորդ նիստում հաստատվել է իտալական տրանսպորտային ընկերության հետ պայմանագիրը:

 

Մյունխենի Տեխնիկական Համալսարանի (TUM International GmbH) ծրագրերի ավագ ղեկավար՝ Ջորջետա Աուկտորն իր հերթին ներկայացրել է Մյունխենի Տեխնիկական Համալսարանի գործունեությունը և «Ակադեմիական քաղաք» ծրագրի հետ նախատեսվող համագործակցության շրջանակը:

 

Հաջորդիվ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Մյունխենի տեխնիկական համալսարանի ներկայացուցիչ Ջորջետա Աուկտորը պատասխանել են ներկաների հարցերին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով