Իսրայելն Իրանի վերաբերյալ իր հաշվարկներում սխալվում է․ Խամենեի

Իսլամական հեղափոխության առաջնորդը հայտարարել է, որ Իսրայելի վերջին գործողությունները պետք չէ ոչ չափազանցել, ոչ թերագնահատել։ Անվտանգության ուժերի զոհված աշխատակիցների հազարավոր ընտանիքներ կիրակի առավոտյան հանդիպել են Իսլամական հեղափոխության բարձրագույն առաջնորդ այաթոլլա Խամենեիի հետ։

Հայտնում է Irna գործակալությունը։

«Նրանք սխալ են թույլ տվել, և հենց իրենք են այն գերագնահատում։ Դա սխալ է, սակայն հիշեք՝ թերագնահատելն էլ է սխալ։ Սխալ է ասել «սարսափելի ոչինչ տեղի չի ունեցել, դա կարևոր չէր»։ Անհրաժեշտ է խախտել իսրայելական ռեժիմի սխալ հաշվարկները։ Նրանք Իրանի վերաբերյալ իրենց հաշվարկներում սխալվում են, նրանք չեն ճանաչում Իրանը, Իրանի երիտասարդությունը, իրանցի ժողովրդին, նրանք չեն կարողացել ճիշտ հասկանալ իրանցի ժողովրդի ուժը, հնարավորությունները, նախաձեռնողականությունն ու կամքը, մենք պետք է դա նրանց ցույց տանք։

Անվտանգության հարցերում շատ կարևոր է պահպանել հանրության հոգեբանական անվտանգությունը։ Մարդկանց սրտերում սարսափի սերմանումն անթույլատրելի է, Ղուրանն այդ մասին ուղղակիորեն է նշում»,- ասել է նա։

Խամենեիի խոսքով՝ այն, ինչ արել և անում է Իսրայելը Գազայում ու Լիբանանում, ամենադաժան ռազմական հանցագործություններից է։

«Պատերազմն, անխոս, դժվար բան է, սակայն անգամ պատերազմը օրենքներ, կանոններ, սահմանափակումներ ունի։ Երբ ինչ-որ մեկի դեմ պատերազմում ես, չի կարելի խախտել բոլոր այդ սահմանափակումները և դրանք այնպես ոտնահարել, ինչպես անում է այս հանցագործ խմբավորումը, որ ղեկավարում է օկուպացված Պաղեստինը»,- ասել է նա։

Խամենեին նշել է, որ անհրաժեշտ է ստեղծել գլոբալ կոալիցիա՝ քաղաքական, տնտեսական, իսկ եթե հարկ եղավ, նաև՝ ռազմական՝ ընդդեմ «սիոնիստական չար ռեժիմի, որն այսօր իրագործում է ամենադաժան ռազմական հանցանքները»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով