Խաչիկ Ասրյանը մերժե՛լ է Արշակ Կարապետյանին և նրա հովանավորներին՝ մասնակցելու Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի միտինգներին և դուրս է եկել «Համահայկական Ճակատ» շարժումից:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ, գնդապետ Խաչիկ Ասրյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցությունը, որը հիմնադրվել է 2018 թվականի հունիսի 23-ին Երևան քաղաքում՝ «Սյունյաց Արծիվներ» և «Հայոց Արծիվներ» հայրենասիրական կազմակերպությունների 15-ամյա հայրենանվեր գործունեության ամուր հիմքի վրա ( www.hayocartsivner.am ), սույն թվականի մարտի 1-ին Մոսկվա քաղաքում համագործակցության հուշագիր էր ստորագրել ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի կողմից հիմնադրված «Համահայկական Ճակատ» շարժման հետ՝ նպատակ ունենալով՝
⦁ համատեղ ուժերով փրկել, պաշտպանել, հզորացնել Հայաստանը՝ ասել է թե՝ Հայոց Հայրենիքն ու Հայոց Պետությունը,
⦁ հերթական անգամ ազատագրել Արցախը,
⦁ պահպանել և հզորացնել Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական դաշինքը։
Անցած յոթ ամիսների ընթացքում «Համահայկական Ճակատ» շարժման մեջ «Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցությունը, բնականաբար, ամենակայացած, ամենափորձառու, ամենաառանցքային ուժն էր։
Սույն թվականի մայիսի 9-ից սկսած՝ Արշակ Կարապետյանի հետ իմ հիմնական հակասությունները վերաբերել են Երևանում տեղի ունեցող՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կողմից առաջնորդվող՝ «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» կամ «Սրբազան պայքար»-ի միտինգներին մասնակցել-չմասնակցելուն․ մենք կողմ ենք մասնակցելու միայն այն միտինգներին, որոնք կազմակերպում ենք բացառապես մենք։
Վերջին 33 տարիների ընթացքում իմ՝ Հայաստանում ծավալած ազգային, պետական, ռազմական, քաղաքական գործունեության ժամանակ ձեռք բերած փորձից ելնելով՝ համոզված եմ, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կողմից առաջնորդվող միտինգները՝ Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու համար, կեղծ օրակարգ են՝ կեղծ գործողություններով։
Ավելին՝ հավաքական Արևմուտքի աջակցությամբ և ուղղորդմամբ Հայաստանում տեղի ունեցող՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի միտինգների գլխավոր նպատակը ոչ թե Հայաստանում իշխանափոխություն իրականացնելն է, ոչ թե Արցախի հերթական ազատագրումն է, ոչ թե Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնումն ու պահպանումն է, այլ Հայաստանի քաղաքական ընդդիմադիր դաշտը միշտ զբաղեցնելն է՝ մինչև Ազգային Ժողովի հաջորդ ընտրությունները, ուստի, կտրականապես դեմ եմ եղել այդ կեղծ միտինգներին «Համահայկական Ճակատ» շարժման հետ համագործակցող կուսակցությունների մասնակցությանը։
Եվ, հաշվի առնելով, որ սույն թվականի հոկտեմբերին Երևան քաղաքում տեղի ունեցած հեռակապով ժողովի ընթացքում կրկին Արշակ Կարապետյանի և նրա հովանավորների կողմից եղել է որոշում․ ««Համահայկական Ճակատ» շարժման հետ համագործակցող կուսակցությունները պետք է մասնակցեն Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի միտինգին և հետո ինչ որ թղթեր բաժանեն», նույն ժողովի ընթացքում ես հերթական անգամ ու վերջնականապես մերժե՛լ եմ Արշակ Կարապետյանի և նրա հովանավորների այդ որոշումը, ինչպես նաև չեղարկել եմ «Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցության և «Համահայկական Ճակատ» շարժման միջև ստորագրված համագործակցության հուշագիրը և դուրս եկել «Համահայկական Ճակատ» շարժումից։
Ի դեպ՝ ի գիտություն բոլորի՝ «Հայոց Արծիվների» ամբողջ գործունեությունը միշտ իրականացնում ենք բացառապես մեր («Հայոց Արծիվների») համոզմունքների և մեր որոշումների հիման վրա։