Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը շնորհավորել է Մոլդովայի գործող նախագահ Մայա Սանդուին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում տարած հաղթանակի կապակցությամբ, գրում է dw.com-ը։
«Հազվագյուտ ուժ է պահանջվում հաղթահարելու այն դժվարությունները, որոնց հետ բախվել եք այս ընտրություններում: Ես անհամբեր սպասում եմ Ձեզ հետ աշխատել շարունակելուն՝ հանուն Մոլդովայի և նրա ժողովրդի եվրոպական ապագայի», — գրել է ԵՀ-ի ղեկավարը X սոցիալական ցանցում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես շնորհավորել է Սանդուին վերընտրվելու կապակցությամբ՝ ասելով, որ ժողովրդավարությունը «գերակայել է բոլոր միջամտություններին և մանևրներին»։
Ռումինիայի վարչապետ Մարսել Չիոլակուն նշել է, որ եվրոպամետ նախագահի հաղթանակը «Մոլդովայի ժողովրդի կամքի վառ ապացույցն է՝ պաշտպանելու ժողովրդավարությունը և ապահովելու իրենց ուղին դեպի ԵՄ»։
Լեհաստանի կառավարության ղեկավար Դոնալդ Տուսկը նույնպես մեկնաբանել է Մոլդովայի ընտրությունների արդյունքները։ Ըստ Տուսկի, ներկայիս նախագահը կարողացել է հաղթել «Մոսկվայի ֆավորիտին»՝ չնայած Ռուսաստանի «նախագահական ընտրություններին ագրեսիվ և լայնածավալ միջամտությանը»։ Լեհաստանի վարչապետը հույս է հայտնել, որ այդ միտումը կշարունակվի այլ երկրներում «առաջիկա օրերին և ամիսներին»։