SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 1-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Աշոտ Արսենյանը և հայտնել, որ Նազարբեկյան թաղամասում գտնվող ձայնագրման ստուդիայից խոշոր չափի գողություն է կատարվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ գողությունը տեղի է ունեցել Նազարբեկյան թաղամասի 6/4 հասցեում գտնվող ձայնագրման ստուդիայից և Ա. Արսենյանը ոստիկաններին հայտնել է, որ հոկտեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալու միջոցով բացել են ստուդիայի դուռը և այնտեղից գողացել տարբեր տեսակի երաժշտական տեխնիկա:
Ահազանգով դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Տեղում Ա. Արսենյանը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 20 հազար ԱՄՆ դոլարի վնաս։
Դեպքի փաստով, «անձնական ունեցվածքի գողություն» հատկանիշներով, քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2024/11/07/1272694