Պեկինը հույս ունի, որ հայ-չինական հարաբերությունները նոր նվաճումների կհասնեն և պատրաստ է աջակցել երկկողմ հարաբերությունների և Հայաստանի ընդհանուր զարգացմանը։
Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվող «Չինաստանի արդիականացումը. Հայաստան-Չինաստան հարաբերությունները» միջազգային գիտաժողովի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը։
«Հույս ունենք, որ հայ-չինական հարաբերությունները նոր նվաճումներ կունենան։ Պետք է նշեմ, որ հայ-չինական հարաբերությունները զարգանում են շատ լավ կերպով։ Ես տարբեր առիթներ եմ ունեցել խոսելու հայ-չինական հարաբերությունների զարգացումների և հետագա միտումների մասին», — ասաց Չեն Մինը։
Նա հիշեցրեց, որ Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում հոկտեմբերին կայացած ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև շփում է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։
«Պետք է նշենք, որ այս հանդիպումն առաջինն էր 2019 թվականից ի վեր։ Դրա ընթացքում երկու կողմերը խոսել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերի շուրջ։ Մենք, իհարկե, պատրաստ ենք աջակցել հայ-չինական հարաբերությունների և Հայաստանի ընդհանուր զարգացմանը», — ընդգծեց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարը՝ հույս հայտնելով, որ ընթացող համաժողովի քննարկումներն արդյունավետ կլինեն հայ-չինական հարաբերությունների զարգացման առումով։