«Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ ԱԳ նախարարն ու վարչապետը համառորեն չեն բացահայտում, թե որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը, սակայն դիվանագիտական մեր աղբյուրները հայտնում են, որ խոսքը 2 դրույթի մասին է՝ հայ-ադրբեջանական սահմանին երրորդ պետության ուժերի բացառում եւ միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարում։
Առաջինի մասով պահանջը դրվել է, երբ դեռ ԵՄ դիտորդները հայ-ադրբեջանական սահմանին առաքելություն չէի իրականացնում, եւ միայն ռուս սահմանապահներին է վերաբերել խնդիրը, ինչին ՀՀ իշխանությունները չեն առարկել, սակայն Ադրբեջանը հետո այդ պահանջը վերաձեւակերպել է, որ խոսքը վերաբերի նաեւ ԵՄ դիտորդներին:
Մինչդեռ Արեւմուտքը ճնշումներ է գործադրում, որ ԵՄ դիտորդները մնան եւ շարունակեն հետեւել տարածաշրջանային իրադարձություններին, ուստի պետք է երկարաձգել պայմանագիրը, որը լրանում է հաջորդ տարվա փետրվարին։ Եվ քանի դեռ այս կետի շուրջ համաձայնություն չկա, ըստ մեր աղբյուրի՝ մերոնք համաձայնություն չեն տվել նաեւ միջազգային դատարաններում գտնվող հայցերից հրաժարվելու պահանջին, սակայն սկզբունքորեն դեմ չեն, եթե, իհարկե, դա լինի սինխրոն` Ադրբեջանն էլ մեր դեմ ուղղված հայցերից հրաժարվի։