Առաջարկվում է ՓՄՁ-ների գործունեության համար ստեղծել ավելի կանխատեսելի միջավայր

Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի նպատակն է ՓՄՁ-ների համար ստեղծել գործունեություն ծավալելու ավելի կանխատեսելի միջավայր՝ տարբերակելով ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտման համար նախատեսված պատասխանատվության միջոցները` ըստ խախտման բնույթի եւ պետությանը պատճառվող վնասի չափի:

 

Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 27-ին հրավիրված նիստի ժամանակ:

 

Նախարարի խոսքով Հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված է, որ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների խախտման համար կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը տուգանվում է 200 հազար դրամի եւ նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառության 0,5 տոկոսի գումարի հանրագումարի չափով, բայց ոչ ավելի, քան 10 միլիոն դրամը:

 

Գեւորգ Պապոյանն ընդգծել է, որ գործող կարգավորումներով ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման համար նախատեսված պատասխանատվության միջոցը՝ անփոփոխ չափի տուգանքը, հավասարապես կիրառելի է խախտման ցանկացած տեսակի դեպքում: Սակայն, ըստ նրա, խախտումների պատճառները եւ հետեւանքները սկզբունքորեն տարբեր են, տարբեր է նաեւ դրանց վտանգավորության եւ պետական բյուջեի եկամուտների վրա ազդեցությունը, հետեւաբար համաչափ չէ նույն չափի տուգանքի կիրառումը բոլոր տեսակի խախտումների դեպքում:

 

Ուստի, առաջարկվում է ՀԴՄ կտրոն չտրամադրելու, գինը սխալ տպելու կամ հարկային հետեւանք առաջացնող ՀԴՄ կիրառության այլ խախտում իրականացնելու դեպքում կիրառվող պատասխանատվության միջոցը թողնել նույնը, իսկ այն դեպքում, երբ պահպանվել են ՀԴՄ-ի կիրառության բոլոր կանոնները, սակայն սխալ են նշվել դասակարգիչները, պատասխանատվության միջոցը մեղմել: Մասնավորապես, առաջարկվում է վերջինիս դեպքում կիրառել նախազգուշացում, իսկ նախազգուշացումը կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկին կատարելու դեպքում կիրառել տուգանք՝ 50,000 դրամի չափով:

 

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով