Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կրկին կփորձի Թուրքիայի, Եգիպտոսի, Կատարի, Իսրայելի և մյուսների հետ հասնել Գազայում հրադադարի հաստատմանը, պատանդների ազատ արձակմանը և պատերազմին վերջ տալուն՝ ՀԱՄԱՍ-ին զրկելով իշխանությունից. այս մասին X-ում գրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
Գիշերը հայտնի է դարձել, որ Իսրայելը հրադադարի պայմանագիր է կնքել Լիբանանի հետ։ Այս տեղեկությունից հետո Լիբանանի հարավի բնակիչները սկսել են վերադառնալ իրենց տները:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ հրադադարի մասին համաձայնություն է ձեռք բերվել Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև՝ 13 ամիս շարունակվող մարտերը դադարեցնելու համար։ Սա եղել է Լիբանանի վերջին տասնամյակների ամենամահաբեր հակամարտությունը, որի հետևանքով զոհվել է ավելի քան 3,823 մարդ:
«Վաղը տեղական ժամանակով ժամը 04:00-ից (Երևանի ժամանակով 06:00-ին) կավարտվեն մարտերը լիբանանա-իսրայելական սահմանի երկայնքով»,- ասել է Բայդենը՝ հավելելով, որ դա նպատակ ունի լինել «ռազմական գործողությունների մշտական դադարեցում»: