Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները գնահատել է իբրև «սահմանադրական հեղաշրջում», գրում է Новости-Грузия-ն։
Ըստ նրա՝ «Վրացական երազանքի» կառավարությունն այլևս ոչինչ չի թաքցնում` բացահայտորեն հայտարարելով ԵՄ-ի հետ բանակցություններից հրաժարվելու մասին:
Այսօր ավարտվել է սահմանադրական հեղաշրջումը, որն ընթացքի մեջ էր մի քանի շաբաթ, գուցե ամիսներ շարունակ։ Այսօր ավարտվեց Եվրոպայից դեպի Ռուսաստան ճանապարհը։
Բոլոր այն կասկածները, որ կարող էր մարդկանց մեջ մտնել, թե գուցե այդպես չէ, գուցե այլ բացատրություն կարող է լինել, այսօր փարատվել են։
Այսօր այս ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին, նրա անցյալին ու ապագային։ Այս ճանապարհին չկա Վրաստանի պետական ինքնիշխանությունը, նրա անկախությունը և այլ ապագա, բացի Ռուսաստանից»,-հայտարարել է Զուրաբիշվիլին։
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ Վրաստանը մինչև 2028 թվականը հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններից։