Մեր երկրի իշխող վերնախավը թքած ունի 29 հազար քառակուսի կիլոմետրից մի փոքր ավելի տարածք ունեցող, այսպես կոչված, իրական Հայաստանից դուրս գտնվող հայերի ճակատագրի վրա։ 2023 թվականին Արցախում անգործությունից հետո Փաշինյանի կառավարությունը ճի՜շտ նույն կերպ վարվեց սիրիական Հալեպի հայկական սփյուռքի նկատմամբ։
Ջիհադականների գրոհների էպիկենտրոնում է շարունակում մնալ մեր մոտ 10 հազար հայրենակից՝ մինչ օրս զրկված տարհանման հնարավորությունից: Մինչ քաղաքում քաոսն է տիրում, վարչապետն ու կինը սոցիալական ցանցերում տեղադրում են անձնական կյանքի անխռով լուսանկարներ ու տեսանյութեր, մրցում, թե ո՛վ ավելի շատ դիտումներ ունի գրառումներում. ասես ոչի՜նչ չի պատահել:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար, ամերիկյան Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանն էլ ետ չի մնում իր ղեկավարությունից: Նրա խոսքով՝ հալեպահայերը իբր թե չեն արձագանքել Հայաստան տեղափոխվելու իր կոչին: Ավելին, նա մեղադրեց հալեպահայերին իրենց տները չլքելու իբրև թե ցանկության համար: Ու դա այն ժամանակ, երբ Հայաստանի գլխավոր հյուպատոսն առանց խղճի խայթի լքեց քաղաքն ամենակրիտիկական պահին, չկազմակերպեց անգամ նվազագույն օգնություն ու մեր հայրենակիցներին թողեց առանց որևէ աջակցության:
Հալեպի հայ համայնքի ողբերգությունը հերթական անգամ ընդգծում է. ներկայիս իշխանության օրոք աշխարհասփյուռ հայությունը նույնքա՜ն անպաշտպան է արտաքին սպառնալիքների առջև, որքան՝ Հայաստանի քաղաքացիները: Սա խոսում է ընդհանրապես հայ ժողովրդի ապագայի նկատմամբ Փաշինյանի ու նրա շրջապատի համակարգային անտարբերության մասին։
Արման Ղուկասյան, քաղաքագետ

