Հարավկովկասյան երկաթուղի» և «Վրացական երկաթուղի» ընկերություններն ամփոփեցին 2024 թվականի համագործակցության արդյունքները և նախանշեցին հաջորդ՝ 2025 թվականի ծրագրերը։ Երկու ընկերությունների պատվիրակությունների և ղեկավարների՝ Ալեքսեյ Մելնիկովի և Դավիթ Փերաձեի մասնակցությամբ համապատասխան հանդիպումը տեղի ունեցավ դեկտեմբերի 16-ին Թբիլիսիում:
ՀԿԵ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես խոսվեց 2024 թվականի մայիսին Դեբեդ գետի վարարման հետևանքով վնասված ՀԿԵ ենթակառուցվածքի վերականգնմանը «Վրացական երկաթուղի» ընկերության ներկայացուցիչների մասնակցությանն առնչվող հարցերի մասին։ Վրացական կողմը տրամադրել էր 30 վագոնից և ջերմաքարշից բաղկացած շարժակազմ, ինչպես նաև Հայաստան էին գործուղվել երկաթուղու աշխատակիցներ՝ մասնակցելու ջրհեղեղի հետևանքների վերացմանը։
ՀԿԵ գլխավոր տնօրենը վրացի գործընկեր Դավիթ Փերաձեին պարգևատրեց «Փոխգործակցություն, աշխատակցություն» շքանշանով արդյունավետ գործակցության համար: Բացի այդ, «ցուցաբերված բարձր պրոֆեսիոնալիզմի, աննախադեպ աջակցության և ջրհեղեղի հետևանքների վերացման ուղղությամբ համակարգված համատեղ աշխատանքի համար ՀԿԵ «Փոխօգնության» շքանշանով պարգևատրվեցին «Վրացական երկաթուղի» ընկերության 11 մեքենավարներ և մեքենավարների օգնականներ։
«ՀԿԵ»-ն ընդգծում է Վրաստանի երկաթուղայինների ցուցաբերած օգնության կարևորությունը և իր խորին շնորհակալությունն ու երախտագիտությունն է հայտնում «Վրացական երկաթուղու» ղեկավարությանը, ինչպես նաև ողջ անձնակազմին: Ընթացիկ տարվա մայիս-հունիս ամիսներին Լոռու մարզում ստեղծված արտակարգ իրավիճակը փաստացիորեն հաստատեց Վրաստանի և Հայաստանի Հանրապետության երկաթուղային ընկերությունների բարեկամական և եղբայրական հարաբերությունները», — նշեց Ալեքսեյ Մելնիկովը

