Ավարտվեց ԵԱՏՄ գագաթնաժողովը՝ կազմակերպության, որը Հայաստանի համար մնում է տնտեսական կայունության եզակի երաշխիքներից մեկը: Մի քանի կարևոր որոշում ընդունվեց. Իրանը դարձավ դիտորդ, ստորագրվեցին ազատ առևտրի ու մաքսային տարանցման համաձայնագրեր:
Գագաթնաժողովը նշանավորվեց ոչ այնքան որոշումներով, որքան՝ Նիկոլ Փաշինյանի հերթական «նվաճումով»: Ավելի շուտ՝ նրա բացակայությամբ: Հեռավար մասնակցությունը հայկական դիվանագիտության նոր նորմ է: ԵԱՏՄ պարագայում դա հատկապես տարօրինակ է թվում: Միությունից Հայաստանի համար տնտեսական դիվիդենդները ակնհայտ են:

ՌԴ-ն պարբերաբար հացահատիկի արտահանման համար մաքսատուրքեր է սահմանում, բայց Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ երկիր, դրանցից ազատված է։ Իսկ մնացած երկրների համար այդ մաքսատուրքերի դրույքաչափը լողացող է ու վերջին շրջանում զգալիորեն աճել է (մեկ տոննայի դիմաց մինչև 10-11 դոլար, այսինքն՝ հացահատիկի ներկայիս արժեքի գրեթե 5%-ը): Բացի այդ, Ռուսաստանից ներկրվող ցորենը նախկինի պես համեմատաբար էժան է: 2022 թվականին Հայաստանի համար ռուսական ցորենի մեկ տոննան միջինում 280 դոլար արժեր, մինչդեռ այլ երկրների ցորենի արժեքը հիմնականում 350 դոլարից բարձր էր։ 2023 թվականին ռուսական ցորենի գինը Հայաստանի համար նվազել է մինչև 180 դոլար մեկ տոննայի դիմաց։ Իսկ մենք, ի դեպ, հացահատիկի ավելի քան 90%-ը ներկրում ենք հե՛նց ԵԱՏՄ անդամ Ռուսաստանից։
Մեր ապրանքները, աշխատաշուկան, տարանցումը՝ այս ամենը միության հետ է կապված: Ցորենի օրինակը ԵԱՏՄ համատեքստում Հայաստանի համար տնտեսական օգուտի ողջ սպեկտրի միայն չնչին մասն է։ Սակայն մեր գործող իշխանությունների համար քաղաքական երկխոսությունը գործընկերների հետ տաբու է անգամ այդ ֆոնին: Հարց. սա ռազմավարությո՞ւն է, թե՞ հերթական ձախողումը: Երևանը փորձում է միաժամանակ երկու տիրոջ ծառա լինել. ԵԱՏՄ-ից ու Ռուսաստանից փող աշխատել, իսկ քաղաքական հարցերը Արևմուտքի հետ լուծել: Եթե այդպես է, ապա տրամաբանական հարց է ծագում. դաշնակիցները դեռ որքա՞ն կհանդուրժեն նման դիրքորոշումը:
ԵԱՏՄ երկրների առաջնորդները հաստատեցին Իրանի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը, ինչը նոր հնարավորություններ է բացում փոխադարձ առևտրի համար ու խթանում է տնտեսական փոխգործակցությունը: Եվ այստեղ առաջ է գալիս ամենապարադոքսալ բանը: Մենք՝ որպես երկիր, պետք է առաջինը լինենք, ով կաջակցի Իրանի ինտեգրմանը ԵԱՏՄ-ին: Դա աշխարհագրական, տնտեսական, լոգիստիկ տեսանկյուններից ձեռնտու է մեզ: Բայց դրա փոխարեն մենք պասիվություն ենք նկատում: Թե՞ վախ: Ի՞նչն է Հայաստանին խանգարում նման նախագծերի օգտին ակտիվորեն հանդես գալ: Գուցե՝ Արևմուտքի դժգոհության հանդեպ վա՞խը: Թե՞ պարզապես կարճաժամկետ շահից այն կողմ տեսնելու հասարակ անկարողությունը: Մինչդեռ այլ երկրները գործում են: Ուզբեկստանն իր շուկան է բացում, Իրանն ինտեգրվում է, իսկ մենք հեռավար «հետևում ենք»:
Անհնար է չնշել ակնհայտը. նման խուսավարումները խաթարում են Հայաստանի հանդեպ վստահությունը: Դաշնակիցները տեսնում են, որ Հայաստանը դադարել է հուսալի գործընկեր լինել: Մենք կամաց-կամաց վերածվում ենք իներցիայով հանդուրժվողի: Ու դա մտահոգիչ է: ԵԱՏՄ-ում մենք այլևս սուբյեկտ չենք, այլ՝ օբյեկտ, որին հազիվ թե լուրջ վերաբերվեն: Դեռ որքա՞ն ժամանակ է պետք, որ մեզ հետ պարզապես դադարեն հաշվի նստել: Զարմանալի է, որ դա դեռ տեղի չի ունեցել:
Բայց խնդիրը միայն Նիկոլը չէ: Նրա հեռավար «հայտնությունը» ավելի խորը հիվանդության ախտանիշ է: Մենք՝ որպես երկիր, Համագործակցության շրջանակներում հրաժարվել ենք ակտիվորեն մասնակցել որևէ նշանակալի նախաձեռնության։ Դրա վառ ապացույցը ԱՊՀ վերջերս կայացած գագաթնաժողովն էր, երբ Փաշինյանն առհասարակ այդ ձևաչափին չմասնակցեց: Աշխարհաքաղաքական մարտահրավերների ֆոնին, երբ այլք նոր դաշինքներ են կազմում, Հայաստանը գիտակցաբար մի կողմ է քաշվում: Անկախությո՞ւն: Թե՞ մեկուսացում: Ժամանակակից աշխարհում չեզոքությունը շքեղություն է, որը մենք մեզ թույլ տալ չենք կարող:
Ու այստեղ գլխավոր հարցն է. ի՞նչ կլինի հետո:
Կշարունակենք խաղալ «համ ձեզ, համ մեզ» խա՞ղը: Թե՞ օրերից մի օր կգիտակցենք, որ նման քաղաքականությունը մեզ ոչ թե դեպի անկախություն է տանում, այլ՝ միջազգային ուղու վրա մեր դիրքերի իսպառ կորստի:
Արտակ Սարգսյան, քաղաքագետ

