Սուրենյանցը կարծում է, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին տարիներին արդեն մի քանի անգամ սխալ խաղացողների վրա է հույսը դրել, և դա բերել է ծանր հետևանքների:
Հայաստանի իշխանությունները շարունակում են ապրել անվտանգության ապահովման գործում Արևմուտքից և, մասնավորապես, ԱՄՆ-ից աջակցություն ստանալու պատրանքներով, և այդ պատրանքները կրկին կարող են հուսախաբ անել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ Նրա խոսքով՝ այն, որ ԱՄՆ-ն կարող է հերթական անգամ հիասթափեցնել, գրում են ամերիկյան հեղինակավոր «ուղեղային կենտրոնները», մասնավորապես Stratfor-ը:
«Ես դժվարանում եմ ասել, թե ինչ հաշվարկներով է առաջնորդվում Նիկոլ Փաշինյանը, երբ շարունակում է Արևմուտքի հետ երևակայական մերձեցման այս անհասկանալի կուրսը։ Ամենայն հավանականությամբ` նրա գործողություններում ոչ մի հաշվարկ և տրամաբանություն չկա։ Նա շարունակում է ցանկալին իրականության տեղ ներկայացնել, առաջնորդվել պատրանքներով։ Նրա պարագայում դժվար է քաղաքագիտական վերլուծության ենթարկել վարքագիծը», — ասում է Սուրենյանցը։