Սուրեն Գրիգորյանը վստահեցնում է, որ Երևանում տոմսային վճարման համակարգի պայմաններն ավելի լավն են, քան Բեռլինում։
Երևանի տրանսպորտի վճարման QR ուղետոմսերի վավերականության ժամկետը 4 օր դարձնելով` համակարգի վրա եղած ծանրաբեռնվածությունն է կրճատվում։ Ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։
Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի տրանսպորտի վճարման QR ուղետոմսերի վավերականության ժամկետը դարձել է 4 օր (համակարգի ներդրման պահին վավերականության ժամկետը 30 օր էր, ապա դարձավ 7 օր)։ Sputnik Արմենիան փորձեց պարզել, թե ինչ նպատակով է փոխվել ժամկետը և ինչու է հենց 4 օր դարձել, սակայն քաղաքապետարանի լրատվական բաժնում այդ մասին տեղյակ չէին։ Ի պատասխան ասացին՝ միայն Հայաստանում չէ, որ նման ժամկետներ են գործում։
Գրիգորյանը նշեց` օրինակ՝ Բեռլինում 1 ուղետոմսի ժամկետը 2 ժամ է, նույնիսկ 4 օր չէ։ Փոխքաղաքապետն ընդգծեց, որ ավագանու որոշմամբ է այդ ամենը սահմանվել, ընդդիմադիրներին և քաղաքացիներին էլ խորհուրդ տվեց կարդալ ավագանու այդ որոշումը` հավելելով, որ այն ընդամենը 1 էջանոց է։
«Բովանդակային առումով կարող եմ նշել, թե ինչի համար են այդ փոփոխությունները։ Երբ տոմսային համակարգերը գործարկվում են, ապա ենթադրվում է, որ մեկ անձն ունենում է 1 կրիչ և դրանով է անընդհատ օգտվում։ Մեր դեպքում QR տոմսերը բազմաթիվ են, և եթե անձն օրինակ 2 անգամ է մեկ օրում երթևեկում, ապա 2 կրիչ է գեներացնում։ Այդ դեպքում 1 ամսում 2 կրիչ գեներացնելը ծանրաբեռնում է համակարգը»,- ասաց Սուրեն Գրիգորյանը։
Նա վստահեցրեց` հանրային տրանսպորտի համար վճարումներից ստացված բոլոր գումարները Երևանի քաղաքապետարանի բյուջե են մտնում, «Telcell» ընկերությունը որևէ ֆինանսական հետաքրքրվածություն չունի ժամկետները կրճատելու համար։
Անդրադառնալով ավտոբուսներում առկա QR տոմսերի վալիդատորներին՝ Գրիգորյանն ասաց, որ դրանք արդեն սկսել են ավելացնել, գործընթացը շարունակվելու է։ Նա նշեց, որ MAN ավտոբուսներում դրանք արդեն ավելացվել են, տեղադրված են և՛ մուտքի, և՛ ելքի դռների մոտ։
Հիշեցնենք` Երևանում հունվարի 1–ից այլևս հնարավոր չէ 100–դրամանոց մետաղադրամով վճարել տրանսպորտից օգտվելու համար. համապատասխան սարքերը կապարակնքնվել են։
Իսկ փետրվարից մեկանգամյա տոմս գնելու պարագայում տրանսպորտի գինը կթանկանա 200%–ով` 300 դրամ։
Երևանի քաղաքապետարանը տրանսպորտից օգտվող քաղաքացիներին վճարման 6 փաթեթ է առաջարկում։
Համեմատաբար շահավետ է տարեկան փաթեթը, որից օրական 2 անգամ օգտվելու դեպքում ուղևորավարձը կկազմի 120.5 դրամ։
Երևանի քաղաքային տրանսպորտից անվճար կօգտվեն մինչև 7 տարեկանները, ծնողազուրկ դպրոցականներն ու ուսանողները, հաշմանդամություն ունեցող անձինք (1-ին կամ 2-րդ խմբի), մանկատներում կամ ծերանոցներում գտնվող անձինք, նախկին ԽՍՀՄ, Սոցիալիստական աշխատանքի հերոսները, Հայաստանի ազգային հերոսները, Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի և Փառքի երեք աստիճանի շքանշաններով պարգևատրվածները և բազմազավակ ընտանիքների ծնողները:
Զեղչեր կգործեն թոշակառուների, դպրոցականների, ուսանողների և նպաստառուների համար։