ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկին

ՀՀ ԱԳՆ–ի ներկայացրած օրենսդրական նախագիծը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկին։
2024 թվականի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ ԿԸՀ–ն բավարարել է 51 անձից բաղկացած քաղաքացիական նախաձեռնության գրանցման որոշումը, որը պատրաստվում էր Եվրոպական միության անդամակցության հարցով Հայաստանում ստորագրահավաք անցկացնել։ Արևմտամետ քաղաքական գործիչներին ու հասարակական գործիչներին միավորող նախաձեռնող խումբը հոկտեմբերի 25-ին հայտարարեց, որ հավաքել է 60 հազար ստորագրություն (օրենքով պահանջվող 50 հազարի փոխարեն)։ Նոյեմբերի 19-ին ԿԸՀ–ն հայտնեց, որ ստորագրությունների ստուգման գործընթաց է սկսել, իսկ հոկտեմբերի 10-ին հայտնի դարձավ, որ ստորագրություններից 52 351–ը վավեր են։
«Այս որոշումը բառի բուն իմաստով ԵՄ անդամակցություն չի նշանակում։ Այս որոշման ընդունմամբ մենք գործողությունների որոշակի պատկերացում պետք է ունենաք, մինչև պոտենցիալ հանրաքվե անել–չանելու կետը։ Այս օրենքի ընդունումից հետո մենք ԵՄ–ի հետ պետք է քննարկենք այն ճանապարհային քարտեզը, որը իրենք ու մենք ենք պատկերացնում և միասին պետք է ճանապարհային քարտեզ մշակենք»,– հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա` ճանապարհային քարտեզն անհրաժեշտ է, որպեսզի հասարակության մեջ ակնկալիքները ճիշտ ձևակերպվեն։ Նրա խոսքով` այս ընթացքում ԵՄ–ի հետ լուրջ զարգացումներ են տեղի ունեցել, որոնցից մեկը վիզաների շուրջ բանակցությունների մեկնարկն էր, ինչը ՀՀ օրակարգում եղել է տասնյակ տարիներ։
Նա ընդգծեց` ՀՀ կառավարությունը չի մերժում օրենքի այս նախագծի ընդունումը, քանի որ ԵՄ ամենաբարձր հարթակից արդեն իսկ արել է հայտարարություն, և ՀՀ իշխանություններն իրենց քաղաքական քայլերում պետք է լինեն հետևողական։
ՀՀ ԱԳՆ–ի ներկայացրած օրենսդրական այս նախագիծը կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թ. հուլիսին հայտարարեց, որ շարունակում է պնդել իր հայտարարությունը` ՀՀ–ն ԵՄ–ին պատրաստ է լինել այնքան մոտ, ինչքան ԵՄ–ն դա հնարավոր կհամարի, սակայն այս պահին ինքը չունի հարցի պատասխանը, թե ԵՄ–ն որքանով է պատրաստ մոտ լինել ՀՀ–ին և քննարկել անդամակցության հարցը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով