Մոտոցիկլի չափի հասնող կապույտալողակ թունան վաճառվել է 1.3 միլիոն դոլարով (207 միլիոն իեն) Ճապոնիայի ամենահեղինակավոր ձկան շուկայում՝ սահմանելով ամանորյա աճուրդում պատմության մեջ երկրորդ ամենաբարձր գինը։
Ինչպես հաղորդում է ճապոնական Kyodo լրատվական գործակալությունը, հունվարի 5-ին Տոկիոյի Տոյոսու ձկան շուկայում 276 կգ քաշով ձկան համար միլիոն դոլար են առաջարկել Միշլենյան աստղերով պարգևատրված Onodera Group սուշի ռեստորանների ցանցի ներկայացուցիչները։
Kyodo-ի տեղեկությունների համաձայն, սա երկրորդ ամենաբարձր գինն է այն ժամանակից ի վեր, երբ 1999 թվականին աշխարհի ամենամեծ համարվող այս ծովամթերքի մեծածախ շուկայում սկսեցին տվյալներ հավաքել։ Պատմության մեջ ամենաբարձր գինը՝ 3.1 միլիון դոլար (333.6 միլիոն իեն) վճարվել է 2019 թվականին 278 կիլոգրամանոց թունայի համար։
Ողջ երկրից վաճառողները շաբաթվա մեծ մասի առավոտյան ժամերին իրենց լավագույն որսն են ներկայացնում շուկայի աճուրդին։ Սակայն հեղինակավոր ամանորյա աճուրդը հատուկ նշանակություն ունի մասնակիցների համար, ովքեր հավաքվում են՝ տարվա առաջին խմբաքանակին տիրանալու պատվին արժանանալու համար։
«Տարվա առաջին թունան հաջողություն է բերում։ Մենք ուզում ենք մարդկանց ժպիտ պարգևել տալ ուտելիքի միջոցով», — ասել է Sushi Onodera ընկերության նախագահ Շինջի Նագաոն, ում խոսքերը մեջբերում է Kyodo-ն։
Sushi Ginza Onodera ռեստորանների ցանցը ունի ռեստորաններ Տոկիոյում և Լոս Անջելեսում, հաղորդում է CNN-ը։
Onodera խումբն արդեն հինգերորդ տարին անընդմեջ վճարում է ամենաբարձր գինը. անցյալ տարի աճուրդում կապույտ թունայի համար վճարվել է ավելի քան 720,000 դոլար (114.2 միլիոն իեն), հաղորդում է Sushi Ginza Onodera-ի կայքը։