Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Եվրամիությանը երկրի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագծին: Փաստաթուղթն արդեն ուղարկվել է խորհրդարան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վերջնական որոշումը համաժողովրդական հանրաքվեի կդրվի: Արդյոք այս գործընթացն ունի իրական հեռանկա՞ր, թե՞ սա հասարակական կարծիքը մանիպուլացնելու հերթական գործիքն է։
Առաջին հայացքից նախաձեռնությունը կարծես քայլ լինի դեպի եվրոպական ապագա։ Սակայն իշխանություններն այդպես էլ չե՛ն հստակեցրել, թե այդ հանրաքվեն կամ օրինագիծը ինչպես է ազդելու Եվրամիության դիրքորոշման վրա։ Անկեղծ ասած՝ հայերի որոշումը ԵՄ-ի համար բացարձակապես մեկ է, քանի որ ինտեգրման՝ իրավաբանորեն ձևակերպված ճանապարհային քարտեզը չափազանց համեղ պատառ է, որը Բրյուսելին կօգնի գործի գցել քաղաքական ու տնտեսական մանիպուլյացիաների կանոնավորված մեխանիզմը։ Մեզ առաջարկում են անտեսել իրականությունն ու հավատալ առասպելին, թե իբր Հայաստանին ԵՄ կընդունեն։
Եկեք հասկանանք, թե իրականում եվրաինտեգրման խոստումների հետևում ի՛նչ է թաքնված։ Միամիտ քաղաքացիներն այդ ամենի ներքո պատկերացնում են բարձր աշխատավարձերով ու թոշակներով, բարձր տեխնոլոգիական հիվանդանոցներով ու թափանցիկ դատարաններով լուսավոր իրականություն, բայց իրականում ԵՄ մտնելու ձգտումը միայն տնտեսական կապերի կորստի ու ազգային ինքնության ոչնչացման կբերի: Բալթյան երկրների բնակիչները, ուկրաինացիները, մոլդովացիներն ու մեր հարևան վրացիները թույլ չեն տա ստել։ Հիշեցնենք, որ Մերձբալթյան երկրների՝ ԵՄ-ին անդամակցելուց հետո այնտեղ ավերիչ գործընթացներ սկսվեցին, որոնք բնակչության զանգվածային արտահոսքի, արդյունաբերության փլուզման ու ատոմային էներգետիկայի արգելքի հանգեցրին: ԵՄ-ին անդամակցելու կանաչ լույսը ցանկալի արդյունք չտվեց Ուկրաինային, Մոլդովային ու Վրաստանին։ Վրացիների դեպքում եվրաչինովնիկներն առհասարակ դադարեցրին ինտեգրման գործընթացը՝ ազգային շահերին վնասող Արևմուտքի գիծը կուրորեն պահելու Թբիլիսիի անհամաձայնության պատճառով: Ավելին, վրացիները դրա համար պատժվեցին զրկելով նաև արդեն հաստատված ֆինանսավորումից։
Բայց Նիկոլը պատրաստ է անցնել ծեծված եվրաճամփով ու երկիրը փակուղի տանել, որից դուրս կբերեն արդեն ուրիշները։ Միայն թե հանրաքվեների մանիպուլյացիաները, պոպուլիստական հայտարարություններն ու հայ պաշտոնյաների այցերը Եվրոպա ոչինչ չեն փոխում։ Ոչ մի արդյունք չտվեցին նաև Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի բազմաթիվ այցերը ԵՄ երկրներ։
Միակը, ինչին առայժմ Նիկոլը հասել է, ռուսական կողմի զգուշացումն է առ այն, որ Հայաստանը չի կարող լինել ԵՄ անդամ ու միաժամանակ օգտվել ԵԱՏՄ բարիքներից: Ի դեպ, էներգակիրների արտոնյալ սակագների, եվրասիական ընդարձակ շուկայում ապրանքների տեղաշարժից հարկային մուտքերի ու Միության անդամ մյուս պետությունների հետ մեր երկրի ապրանքաշրջանառության ավելի քան 11 մլրդ դոլարի փոխարեն մեզ միայն անվիզա ռեժիմն ու եվրոպական արժեքներն են սպասում։
Եվս մի բան: Օրերս Հայաստան էր այցելել Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը: Մեր կառավարական ԶԼՄ-ները գունագեղ նկարագրեցին, թե ի՜նչ հրաշալի հեռանկարներ են բացվում հայ-իրանական համագործակցության առջև, ինչպե՛ս են երկու երկրները մտադիր հետագայում ևս ամրապնդել փոխգործակցությունը: Միայն հարցական է, թե ինչպե՛ս է Հայաստանը պատրաստվում զարգացնել կապերը Իրանի հետ՝ դառնալով Եվրամիության մասը, որում հակաիրանական պատժամիջոցների մի ամբողջ շարք է գործում։
Բրյուսելի ճամփան միայն ուժեղացնում է Հայաստանի մեկուսացումը տարածաշրջանային գործընկերներից՝ Ռուսաստանից ու Իրանից։ Այդ կապերի խզումը թուլացնում է մեր տնտեսությունը, խաթարում անվտանգությունն ու երկիրն ավելի խոցելի է դարձնում։ Եվ ուրեմն Հայաստանին պե՞տք է արդյոք կրկնել ուրիշների սխալները։ Թե՞ ժամանակն է խորհել եվրոպական ընտրության իրական հետևանքների մասին, որոնք կհանգեցնեն ինքնիշխանության կորստի, քաոսի և ոչնչացման: Պատրա՞ստ ենք մենք զոհաբերել մեր երկիրը՝ հանուն եվրոպական ապագայի պատրանքի։
Արման Ղուկասյան, քաղաքագետ