Մաքսային և սահմանապահ թիմ կուղևորվի ՀՀ՝ աշխատելու սահմանային անվտանգության կարողությունների զարգացման վրա. Բլինքեն

«Հաջորդ ամիս՝ առաջիկա շաբաթներին, մեր մաքսային և սահմանապահ թիմը կուղևորվի Հայաստան՝ իրենց հայ գործընկերների հետ աշխատելու սահմանային անվտանգության կարողությունների զարգացման վրա»։ Այս մասին Հայաստանի և ԱՄՆ–ի միջև ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրման արարողությանը հայտարարեց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ հավելելով, որ կշարունակվի նաև Eagle Partner ձևաչափի շրջանակում համագործակցությունը:

«Կարճ ժամանակհատվածում հսկայական և արդյունավետ աշխատանք ենք իրականացրել՝ հրաշալի գործընկերային հարաբերությունների ներքո: Այսպիսով, Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում կարողանում ենք արձանագրել նշանակալի անկյունաքարային ձեռքբերում՝ ստեղծում ենք ռազմավարական գործընկերույթան հանձնաժողով»,-անդրադառնալով ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրմանը՝ ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Բլինքենի խոսքով՝ այդ հանձնաժողովը մի շարք կարևոր ոլորտներում երկկողմ փոխգործակցությունն ընդլայնելու շրջանակ է հաղորդում՝ պաշտապանական և անվտանգության, տնտեսական, ժողովրդավարության և արդարադատության, ներառականության և միջանձնյա հարաբերությունների ոլորտներում:

Խոսելով հայ-ամերիկյան տնտեսական և էներգետիկ ոլորտում գործակցության մասին՝ Էնթոնի Բլինքենն ասել է.

«Այս պահին բանակցությունները տանում ենք դեպի խաղաղ միջուկային անվտանգության և ատոմային էներգետիկայի ոլորտ»:

ԱՄՆ պետքարտուղարը հայտարարեց նաև, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը պարտության մատնելու գլոբալ կոալիցիային»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով