Ադրբեջանական լրատվամիջոցները լուսանկարներ են տարածել Բաքվում ապօրինի անազատության մեջ պահվող հայ գերիների դատական առաջին նիստից։ Հայ գերիներին Բաքվի ռազմական դատարան էին տեղափոխել կեսօրին։ Երեկոյան 20 անց 30-ից են առաջին լուրերը սկսել հայտնվել ադրբեջանական լրատվամիջոցներում նիստերի մեկնարկի մասին։ 15-ի գործով նիստը, որով անցնում են նաեւ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարները հետաձգվել է մինչեւ հունվարի 21-ը։ Նիստի ժամանակ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի խնդրանքով նրան խոսքի հնարավորություն են տվել։ Նիստից տեսագրություններ չկան, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած տեքստային հոդվածների՝ Արայիկ Հարությունյանը ներողություն է խնդրել Գյանջայի հրթիռակոծման առնչությամբ, ասել, որ թեեւ ինքը հայտարարություն է արել հրթիռակոծման վերաբերյալ, բայց որոշումը ինքը չի կայացրել։ Թե իրականում ինչ է ասել Արայիկ Հարությունյանը եւ ինչ հանգամանքներում, հայտնի չէ։ Հայ իավապաշտպանները մինչեւ դատավարության մեկնարկը ահանզագում էին, որ բանտում գերության մեջ գտնվողներին խոշտանգել են եւ ամենայն հավանականությամբ՝ նրանց կստիպեն կյանքի սպառնալիքի տակ իրենց կամքին հակառակ հայտարարություններ անել նիստերի դահլիճում։
Իսկ Ռուբեն Վարդանյանը նախօրեին հղած իր ուղերձում ասել էր, որ ինքը որեւէ ցուցմունք չի տվել, իր փաստաբանին եւ թարգմանչին ստիպել են ստորագրել դատարկ էջերի տակ, որոնք հետո լրացրել են ադրբեջանցի ուժայինները։ Ռուբեն Վարդանյանին առչվող՝ առանձնացված գործով նախնական լսումը տեղի է ունեցել ավելի ուշ։ Ինչպես ադրբեջանական լրատվամիջոցներն են հայտնում՝ նիստը հետաձգվել է 10 օրով։ Այդքան հավելյալ ժամանակ է դատարանը Վարդանյանին տվել գործի 422 հատոր նյութերին ծանոթանալու համար։ Վարդանյանի փաստաբանը դատարանին նաեւ միջնորդել է միավորել նրա գործը մյուսների գործին, դատարանը միջնորդությունը մերժել է։