Ո՞ւմ վրա է հիմնված Հայաստանի տնտեսությունը

Քաղաքական և ռազմական դեմարշից հետո Նիկոլ Փաշինյանը պատրաստ է խզել տնտեսական կապերը Եվրասիական տնտեսական միության ու մասնավորապես Ռուսաստանի հետ: Բայց հենց ԵԱՏՄ-ից ստացած արտոնություններն են մեր երկրին հնարավորություն տալիս պահպանել կայուն սոցիալ-տնտեսական վիճակը՝ չնայած արևմտյան ռելսերի ուղղությամբ ակնհայտ վերակողմնորոշմանը:

Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի գիտնականներն, ովքեր ավելի շատ են մտահոգված իրական դրությամբ, քան մեր կեղծավոր իշխանությունները, վերլուծել են Հայաստանի տնտեսության կառուցվածքն ու թվերով ցույց տվել, որ դրա հիմքում ԵԱՏՄ-ի հետ գործընկերությունն է։

Վերլուծությունը ցույց է տվել, որ 2022 թվականից սկսած արագացված տնտեսական աճը պայմանավորված է դեպի Ռուսաստան արտահանումից ու հակադարձ ներմուծումից ստացված եկամուտների մի մասի վերաբաշխմումով: Պարզ ասած՝ Հայաստանը դարձել է ՌԴ զուգահեռ ներմուծման ու ԵԱՏՄ այլ երկրների հետ առևտրային մեխանիզմների կարևոր օղակ։ Ընդ որում, Ռուսաստանը Հայաստանի համար սեփական արտադրության պրոդուկտների արտահանման միակ ավանդական շուկան է։

Աճի կարևոր գործոն է դարձել միգրացիոն փոխանցումների և այսպես կոչված ռելոկանտներից ստացվող մուտքերի աճը։ ՌԴ-ից հեռացած ռուսները ակտիվ ներդրումներ են կատարել՝ այդ թվում նաև փոքր բիզնեսում: Բայց Հայաստանի տնտեսական զարգացման գործում շատ ավելի էական ներդրում ունեցավ արևմտյան պատժամիջոցներից խուսափելու նպատակով մի շարք ռուսական ընկերությունների անցումը դեպի մեր իրավասության ենթակայություն:

Ստացվում է, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև միայն տնտեսական կապերն արդեն ապահովում են մեր երկրի պարենային ու էներգետիկ անվտանգությունը։ Այսպես, ՌԴ-ից ներկրմանը բաժին է ընկնում ցորենի, ալյուրի և արևածաղկի ձեթի 98%-ը, գյուղատնտեսական ապրանքների գրեթե 35%-ը, թռչնամսի 39%-ը, գյուղատնտեսության համար նախատեսված պարարտանյութերի մոտ 40%-ը։ Պատրա՞ստ է արդյոք Եվրոպան, ուր մեզ Փաշինյանը քարշ է տալիս, փոխհատուցել մատակարարումների այսօրինակ ծավալներն ու ի՞նչ արժեք կունենան դրանք մեզ ու ձեզ համար։

Մյուս կողմից, Ռուսաստանը մեզանից գնում է հացաբուլկեղենի ու մակարոնեղենի ավելի քան 50%-ը, բանջարեղենի 96,7%-ը: Կկարողանա՞ արդյոք Փաշինյանն այդքանը վաճառել եվրոպացիներին, ովքեր մեր գյուղմթերքով բացարձակապես հետաքրքրված չեն ու անհրաժեշտ ամեն ինչ գնում են թուրքերից, հունգարացիներից և բուլղարացիներից։

Առավել կարևոր թեմա է Հայաստանի համար ռուսական էներգետիկան: Մենք այն արտոնյալ գներով ենք ստանում՝ համաշխարհային գներից զգալիորեն ցածր, դրանով իսկ ծածկելով կարիքների ավելի քան 91%-ը: Արդյոք մեր արդյունաբերությունը, մեր փոքր բիզնեսը, մեր զբոսաշրջային ենթակառուցվածքները կկարողանա՞ն մրցունակ մնալ առանց ռուսական էներգետիկայի: Փաշինյանն, իհարկե, գիտի, որ պատասխանը բացասական է, բայց շարունակում է մեր ուղեղներն արդուկել այլընտրանքային իրականությունից բերված թվերով:

Կարևոր են նաև Զարգացման եվրասիական ֆինանսական ինստիտուտների՝ Եվրասիական զարգացման բանկի ու Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գծով կանոնավոր ներդրումները: Հայաստանում նրանց համատեղ ներդրումները 2024 թվականի վերջին հասել են 500 մլն դոլարի։ Առաջիկա երկու տարիների ընթացքում Եվրասիական բանկը պատրաստ է մեր տնտեսության մեջ առնվազն ևս 250 մլն դոլար ներդնել։ Անգամ չեմ էլ հարցնի՝ կկարողանա՞ն արդյոք ԵՄ գործընկերները ըստ էության նման անհատույց ներդրումներ կատարել։

Ու անհամատեղելին համատեղելու (ԵՄ ու ԵԱՏՄ) մասին այս բոլոր հեքիաթները կբախվեն դաժան իրականությանն ու կփշրվեն: Նույնիսկ եթե տեսականորեն պատկերացնենք, որ մենք անդամակցել ենք Եվրամիությանը, արդյոք Ռուսաստանի դեմ անհավանական քանակով պատժամիջոցներ սահմանած Բրյուսելն իր անդամ երկրին թույլ կտա՞ Ռուսաստանից ապրանքներ ստանալ իջեցված գներով ու այնտեղ վաճառել իր արտադրանքը: Ով դժվարանում է պատասխանել, կարող է Հունգարիայի ու Սլովակիայի օրինակները հիշել։

Բայց Փաշինյանն, ըստ ամենայնի, պատրաստ է վտանգել մեր երկրի տնտեսությունը, որի կայուն զարգացումը հիմնված է Ռուսաստանի հետ փոխգործակցության վրա։ Իսկ թե ի՛նչ դրեց Նիկոլը կշեռքաթաթին, կպատմենք առաջիկա նյութերից մեկում:

Արտակ Սարգսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով