ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կիրակի հայտարարել է, որ Իրանը մնում է «անկայունության միակ աղբյուրը» Մերձավոր Արևելքում և խոստացել իր լիակատար աջակցությունը Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուին, հայտնում է NBC News-ը։
Նրանց հանդիպումը Երուսաղեմում կայացել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի հաստատումից հետո։
Չնայած փխրուն հրադադարին, Ռուբիոն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը պետք է «ոչնչացվի» և բարձր է գնահատել Գազայի հատվածը վերահսկողության տակ առնելու և պաղեստինցիներին այլ երկրներ տեղափոխելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «համարձակ» ծրագրերը:
ԱՄՆ պետքարտուղարը նաև հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը «չի կարող շարունակել գործել որպես ռազմական կամ կառավարական ուժ»՝ հավելելով, որ պատանդները պետք է վերադառնան տուն՝ չհիշատակելով շարունակվող հրադադարի երկրորդ փուլի մասին, որի շուրջ բանակցությունները պետք է սկսվեին այս ամսվա սկզբին։