Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսային բանակցությունները տեղի են ունեցել բարյացակամ մթնոլորտում, ասել է մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ երկու կողմից էլ «կառուցողական» և «աշխատանքային» տրամադրվածություն է եղել, գրում է «Կոմերսանտը»։
Փետրվարի 12-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Թրամփը և Պուտինը քննարկել են Ուկրաինայում մարտական գործողությունները դադարեցնելու հարցը։
ՌԴ նախագահն ընդգծել է հակամարտության նախապատճառների վերացման կարևորությունը, իսկ Թրամփը հանդես է եկել շուտափույթ հրադադարի օգտին։
Ավելի վաղ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվային ԱՄՆ ներկայիս վարչակազմի դիրքորոշումը «շատ ավելի է դուր գալիս»։
Իր հերթին Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ բանակցությունները, որոնք նա վարել է Վլադիմիր Պուտինի, իսկ հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, «հիանալի» են եղել։