Եվրամիությունը նոր փորձ է անում ռուսական ներխուժումից պաշտպանվող Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար: Փետրվարի 18-ին ԵՄ դեսպանները կսկսեն քննարկել նոր հիմնադրամ ստեղծելու նախաձեռնությունը, որը կֆինանսավորվի ԵՄ անդամ երկրների կամավոր ներդրումների հաշվին, հաղորդում է Money.pl պորտալը՝ վկայակոչելով լեհական PAP գործակալությանը հասանելի փաստաթուղթը:
Հիմնական նպատակն է բավարարել Ուկրաինայի առավել հրատապ պաշտպանական կարիքները, մասնավորապես՝ խոշոր տրամաչափի հրետանային զինամթերքը, հակաօդային պաշտպանության համակարգերը և հեռահար հրթիռները, Ուկրաինայի զինված ուժերի բրիգադների վերականգնումը և ուկրաինական ռազմական արդյունաբերության աջակցությունը, նշում է գերմանական Deutsche Welle պարբերականը:
Հիմնադրամը ֆինանսավորվելու է անդամ երկրների կամավոր ներդրումների միջոցով՝ նրանց ազգային եկամտին համաչափ, ինչպես նաև ռուսական սառեցված ակտիվներից ստացված շահույթով, ինչը կօգնի թեթևացնել ԵՄ երկրների ֆինանսական բեռը։ Դա եվրոպական երկրներին հնարավորություն կընձեռի որոշելու, թե ինչպես են աջակցություն ցուցաբերելու՝ Ուկրաինային սպառազինության մատակարարման տեսքո՞վ, թե՞ ընդհանուր հիմնադրամում ներդրումների միջոցով, գրում է պարբերականը։
Նոր նախաձեռնությունը «նախատեսում է ծախսերի ճկուն մոտեցում, որը նպատակ ունի հարգել Եվրամիության որոշ երկրների կարգավիճակը, ինչպես օրինակ՝ ռազմական չեզոքություն պահպանող երկրների կարգավիճակը»:

