«Բնականաբար, կան մտահոգիչ խոսույթներ։ Այնուամենայնիվ, երբ դիտարկում ենք իրավիճակն այստեղ, տեսնում ենք, որ կա հարաբերական կայունություն, այսինքն՝ ռազմական լուրջ միջադեպեր՝ մահ կամ վիրավորումներ, մոտ մեկ տարի է՝ չեն եղել, և սա մասամբ նաև ԵՄ եվրոպական դիտորդական առաքելության շնորհիվ է, որը տեղում է և որը կարող է զգուշացնել որևէ միջադեպի դեպքում, որը նաև կարող է հստակեցնել կեղծ նորությունները, բացահայտել դրանք»։ Այս մասին «Հայաստանի հանրային ռադիո»–ի հետ հարզազրույցում ասել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ անդրադառնալով Ալիևի կողմից հնչող հայտարարություններին։
«Բայց, բնականաբար, մտահոգությունների առիթ կա, որովհետև քանի դեռ չկա խաղաղության պայմանագիր, զինված հակամարտության հնարավորություն միշտ էլ կա։ Այդ իսկ պատճառով մենք շարունակում ենք պաշտպանական ոլորտում մեր գործակցությունը եւ աջակցում ենք Հայաստանին՝ հասնելու խաղաղության»,–ասել է նա։
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանի խոսքով, մոտ մեկ տարի է լուրջ միջադեպեր չեն եղել, բայց քանի դեռ չկա խաղաղության համաձայնագիր, հակամարտությունը կարող է վերսկսել։
«Այսօր իրավիճակը քիչ թե շատ խաղաղ է, բայց կայուն չէ, ուստի պետք է անել առավելագույնը՝ հասնելու խաղաղության, կայուն խաղաղության»,–ասել է նա։
Անդրադառնալով այն հանգամանքին, որ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ժամկետը երկարացվեց 2 տարով, ինչին Բաքուն դեմ էր, Օլիվիե Դըկոտինյին ասել է.
«Կարծում եմ՝ այս առումով իրավիճակը շատ պարզ է․ մենք խոսում ենք եվրոպական առաքելության մասին, որը տեղակայված է Հայաստանի տարածքում, այսինքն՝ հայերն են, որ լեգիտիմ իրավունք ունեն դիմելու դրա երկարաձգման համար, և եվրոպացիներն են, որ որոշում են։ Ադրբեջանին ևս առաջարկ էր արվել, որ առաքելություն տեղակայվի նաև ադրբեջանական կողմում, սակայն Ադրբեջանը հրաժարվել է։
Իսկապես, ՀՀ կառավարության կողմից առաջարկ կա ստեղծել հետաքննական մեխանիզմ, որը հնարավորություն կտա միջադեպերի մասին հստակ պատկերացում կազմել։ Բնականաբար, սա կօգներ լարվածությունը նվազեցնել, բայց այս առաջարկը քննարկվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև, սա չի արվում եվրոպական առաքելության շրջանակում։
Փաստ է՝ ինչ եվրոպական առաքելությունը պարեկություն է անում այս տարածքներում և ռազմական կոնտակտային գծի վրա, որովհետև ադրբեջանական դիրքեր կան Հայաստանի տարածքում ևս, նվազել են միջադեպերը, ուստի կարող ենք հստակ ասել, որ սա դրական ազդեցություն ունի Հայաստանի կայունության վրա։ Եւ եվրոպական տարբեր առաջնորդներ, որոնք այցելել են այստեղի կենտրոնատեղի կամ իրենց հետ պարեկություն են արել, մի կողմից արձանագրել են, որ դիտորդները շատ բարձր պրոֆեսիոնալիզմ ունեն, մյուս կողմից, որ նրանց զուտ ներկայությունն արդեն իսկ վստահություն է ներշնչում սահմանամերձ բնակչությանը, և այդ բնակչությունը, հիշենք, այն տարածքներում է ապրում, որոնք ամենամեծ սպառնալիքի տակ են։ Եւ դիտորդների հանդեպ մեծ ջերմություն և շնորհակալական զգացում կա այս կողմից»։