Եվրոպական միությանն ինտեգրվելու Հայաստանի ձգտումները՝ ուղղված դեպի արևմտյան արժեքները, հերթական ֆիասկոն են ապրում։ Եթե ուշադիր լինենք Հին աշխարհի վերջին իրադարձություններին, ապա տրամաբանական հարց է ծագում՝ որքանո՞վ է արդարացված այս ռազմավարությունն ու ի՞նչ ռիսկեր է այն պարունակում երկրի համար։
Գերմանիայի ընտրություններում Օլաֆ Շոլցի՝ օրերս ունեցած պարտությունը վառ օրինակ է, թե ինչպե՛ս է մեր աչքի առաջ փոխվում ԵՄ քաղաքական լանդշաֆտը: Շոլցը ջախջախվեց ընտրություններում ու ընդունեց իր պարտությունը: Առաջին տեղում քրիստոնյա դեմոկրատներն են, նրանց առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը կդառնա կանցլեր։ Երկրորդը աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունն է, որին աջակցում է ԱՄՆ-ն: Իսկ Շտոլցի կուսակցությունը միայն երրորդն է։ Աջերի ու եվրասկեպտիկների ժողովրդականության աճը կասկածի տակ է դնում ԵՄ միասնությունն, ինչպես նաև նոր երկրներ ինտեգրելու նրա կարողությունը: Եթե դեռ բոլորովին վերջերս Բրյուսելում կուրս էին թելադրում եվրոպամետ քաղաքական գործիչները, ապա այժմ այլ պատկեր է. էլեկտորատն առավել հաճախ ընտրում է ազգային ուղղվածություն ունեցող առաջնորդներին, ովքեր հանդես են գալիս կոշտ միգրացիոն քաղաքականության, ազգային շահերի պաշտպանության ու երկրների կառավարման գործում եվրաբյուրոկրատների դերի նվազեցման օգտին:
Այս իրադարձությունների ֆոնին ԵՄ ուղեծրին ամրապնդվելու Հայաստանի փորձերը, մեղմ ասած, անհեռանկար են թվում: Դեպի Եվրոպա տանող դռները, որոնք իբր թե կիսաբաց են, փաստացի սուզանավի խցիկների պես հերմետիկ փակ են: Արդեն հիմա ակնհայտ է, որ ԵՄ-ն պատրաստ չէ Հայաստանի լիարժեք ինտեգացիայի հարցի քննարկմանը: Հիշեցնեմ, որ ավելի վաղ Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն ուղղակիորեն հայտարարեց, որ Հայաստան-ԵՄ բանակցությունները որևէ աղերս չունեն կազմակերպությանը Հայաստանի անդամության թեկնածության հնարավորության հետ: Ու անգամ նոր թեկնածուները՝ ներառյալ Ուկրաինան ու Մոլդովան, արդեն իսկ իրական խոչընդոտների են բախվում:
Փաստացի, Բրյուսելում ընթացող ԵՄ երկրների ԱԳ նախարարների՝ Ուկրաինային աջակցելու հարցերով գագաթնաժողովը նույնպես ցույց տվեց կազմակերպությունում ներքին ճգնաժամի առկայությունը։ Մինչ ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը Ուկրաինայի դրոշի գույներով էր հագնվել՝ Նիդեռլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը անսպասելիորեն հայտարարեց հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին:
Ու զարմանալի չէ, որ եվրոպացիներն ավելի ու ավելի հաճախ են խոսում խաղաղության մասին։ Հատկապես Պուտինի ու Թրամփի բանակցություններից և Էր-Ռիադում ռուս-ամերիկյան խորհրդակցություններից հետո։ Այնպես որ՝ Կիևն ու ԵՄ-ն դուրս են մղվել թափ հավաքող խաղաղ կարգավորման գործընթացից։
Ի դեպ, Երևանի համար Ուկրաինան պետք է լուրջ ազդակ դառնա։ Երկար տարիներ Կիևը հարաբերություններ է կառուցում Արևմուտքի հետ՝ հույսը դնելով տնտեսական ու ռազմական աջակցության վրա։ Բայց հիմա քաղաքական նոր իրողությունը կասկածի տակ է դնում այս դաշինքի հեռանկարները։ Դոնալդ Թրամփը բացահայտ հայտարարում է, որ Վաշինգտոնը կա՛մ զգալիորեն կնվազեցնի Կիևին տրամադրվող օգնությունը, կա՛մ կստիպի նրան հարյուրավոր անգամ ավելի վճարել աջակցության համար։ Բացառված չէ, որ Ուկրաինան Ամերիկային տա իր ողջ արդյունաբերությունն ու ամբողջ ընդերքը. սա Վլադիմիր Զելենսկիի համար կարող իր պարտված պատերազմի գինը լինել։
Այսպիսով, աշխարհակարգի հիմնարար փոփոխությունների ֆոնին ԵՄ-ին ինտեգրվելու Հայաստանի ներկայիս իշխանությունների ձգտումը ո՛չ թե պարզապես սխալ է, այլ ռազմավարակա՜ն սխալ հաշվարկ, որը կարող է թանկ արժենալ մեր երկրի համար։
Արման Ղուկասյան, քաղաքագետ