Լավրովը Թուրքիայից հետո մեկնում է Իրան

Քննարկվող հարցերի թվում լինելու է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր աշխատանքային այցով կմեկնի Իրան, որտեղ կբանակցի իրանցի գործընկերոջ` Աբբաս Արաղչիի հետ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում:
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն ռուս-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգը։
Բանակցությունների ընթացքում նախատեսվում է հատուկ շեշտադրում կատարել փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման վրա՝ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում առանցքային համատեղ նախագծերի իրականացման համատեքստում:
Դիվանագետները կարծիքներ կփոխանակեն մի շարք արդիական միջազգային հարցերի շուրջ` ներառյալ Սիրիայում, Անդրկովկասում, Աֆղանստանում, Եմենում, Պարսից ծոցի գոտում տիրող իրադրությունը, մերձավորարևելյան կարգավորումը, կասպիական հիմնախնդիրը և Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ իրադրությունը։
Հիշեցնենք` Լավրովը փետրվարի 23-ին մեկնել էր Թուրքիա, հաջորդ օրը բանակցել արտգործնախարար Հաքան Ֆիդանի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով