Նրա վարկանիշը 2 անգամ բարձր է. Պուտինն ասել է՝ ում է համարում Զելենսկու ամենահավանական քաղաքական մրցակից

Ուկրաինայի ԶՈՒ նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին, որն այժմ Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանն է, 2 անգամ բարձր վարկանիշ ունի, քան Ուկրաինայի գործող նախագահ Վլադիմիր Զելենսկին. այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Պուտինը Զալուժնիին անվանել է Զելենսկիի ամենամոտ հնարավոր քաղաքական մրցակիցը: ՌԴ նախագահը կարծում է, որ «Զելենսկին ընտրություններում հաղթելու շանսեր չունի, դրանք հավասար են 0-ի, եթե իհարկե չկեղծվեն»։

«Կարևոր չէ, թե ինչպիսին է նրա (Զելենսկիի) վարկանիշը՝ 4%, թե այլ: Կարևորն այն է, որ նրա վարկանիշը, մեր տվյալներով, իսկ դրանք օբյեկտիվ են, ուղիղ երկու անգամ ցածր է, քան իր ամենամոտ հնարավոր քաղաքական մրցակցինը: Խոսքը պարոն Զալուժնիի՝ Ուկրաինայի ԶՈՒ նախկին գլխավոր հրամանատարի մասին է, որին վտարել են Լոնդոն: Նրա վարկանիշն ուղիղ 2 անգամ բարձր է: Իսկ եթե սրան գումարենք այս հավանական թեկնածուի հնարավոր աջակցությունը քաղաքական այլ գործիչների, այդ թվում՝ նախկին վարչապետների կամ նախկին նախագահների կողմից, ապա ընտրություններում գործող ռեժիմի հաղթելու հնարավորությունը բացարձակապես զրոյական է, բայց եթե, իհարկե, ինչ-որ բան կոպտորեն չկեղծվի», — ասել է Պուտինը:

Նա նաև ասել է, որ դեմ չէ «Ուկրաինայի պետականության պահպանմանը», բայց իր համար կարևոր է, որ «Ուկրաինան չօգտագործվի Մոսկվային սպառնալու համար»։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ղեկավարը Զելենսկիին անվանել է «թունավոր գործիչ Ուկրաինայի համար»։

«Նա (Զելենսկին) իրեն փակուղի է մտցրել՝ արգելելով բանակցությունները Ռուսաստանի հետ, քանի որ հակառակ դեպքում նա պետք է չեղարկի ռազմական դրությունը և անմիջապես գնա ընտրությունների: Մենք շահագրգռված ենք, որ Զելենսկին մնա իշխանության մեջ, քանի որ նա քայքայում է իր ռեժիմը», — ասել է ՌԴ նախագահը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանում է Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնելու Ռուսաստանի պահանջները։ ԱՄՆ նախագահն անցած շաբաթ ասել էր, որ «Ուկրաինայի առաջնորդի վարկանիշն իջել է մինչև 4 տոկոս»։ Զելենսկին սրան արձագանքել էր՝ նշելով որ, ըստ հարցման, իր նկատմամբ վստահության վարկանիշը 57% է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով