ՌԴ Պետդումայի ԱՊՀ և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը ԱՊՀ երկրների ինստիտուտի և միջազգային «Լազարևյան ակումբի» կազմակերպած կլոր սեղանի ժամանակ մեկնաբանել է այսպես կոչված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ «դատավարությունն» Ադրբեջանում:
«Ինչպես պիտի մենք Ռուսաստանում, ես՝ ՌԴ Պետդումայի պատգամավորս, վերաբերվենք դրան։ Իհարկե, որպես հաշվեհարդար։ Ես այդ առնչությանբ+ հայտարարություն եմ արել (https://t.me/konstantinzatulin/3435), հուսով եմ՝ տեղյակ եք։ Կարծում եմ, որ սա անձնական հաշվեհարդարի ակտ է Լեռնային Ղարաբաղի ղեկավարության դեմ։ Բոլոր այդ մարդիկ, որոնց վերաբերում է խոսքը, երկար տարիներ եղել են Ադրբեջանի ղեկավարության գործընկերները բանակցություններում, երբ խոսքը վերաբերում էր Մինսկի խմբի շրջանակում խաղաղ կարգավորման ընդհանուր գործընթացին, որն այսօր նրանք չեն ցանկանում ընդունել Ադրբեջանում կամ բանակցային այլ ձևաչափերում»,- նշել է նա։
«Որովհետև դա ուղեկցվում է ոչ միայն պահանջներով, ձերբակալություններով ու դատավարություններով, այլ նաև այլ գործողություններով։ Պատմության ազատ մեկնաբանություն, ըստ որի հայերի համար ընդհանրապես տեղ չկա ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև ամբողջ Կովկասում։ Այն փաստով, որ այսօր փորձ է արվում մշակութային պատմությունը հետին թվով վերաշարադրել։ Բոլորիս քաջ հայտնի պատմական հուշարձանները 5-րդ դարի վանքերը, ինչպես, օրինակ, Ամարասը։ Կամ, ասենք, 12-րդ դարը, ինչպես Գանձասարը կամ Դադիվանքը, ալբանական են հռչակվել։ Լեռնային Ղարաբաղի պատմության և մշակույթի այս և այլ հուշարձաններն առնչվում են մի ժամանակաշրջանի, երբ ադրբեջանցիները ոչ միայն տվյալ տարածքում չեն գտնվել, այլև բնության մեջ ընդհանրապես, որպես ազգ, գոյություն չունեին:
Անշուշտ, ադրբեջանցիները հարյուրավոր տարիներ ապրել են այս տարածքում հայերի հարևանությամբ, կողքին կամ հայերի հետ միասին: Բայց ոչ՝ հայերից առաջ։ Ինչը, իմ կարծիքով, ակնհայտ է բոլորի համար, բացի բուն Ադրբեջանի ղեկավարությունից։ Այս ամենն ուղեկցվում է ծաղրով այն ամենի նկատմամբ, ինչը թանկ է Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար։ Որոշ խորհրդանշական հուշարձանների ոչնչացումով: Ազգային ժողովի տանիքները կամ Լեռնային Ղարաբաղի տարածքում առանձին անձանց հուշարձանների ոչնչացումով:
Այս ամենն ուղղված է նրան, որպեսզի Լեռնային Ղարաբաղ, իբր թե, հնարավորինս շուտ «վերադառնա» Ադրբեջանի մշակութային, էթնիկ, ազգային, պետական տարածություն»,- նշել է քաղաքական գործիչը։