ԵՄ-ը պատրաստվում է հարյուր միլիարդավոր եվրո տրամադրել իր պաշտպանության ամրապնդման համար. Bloomberg

Եվրամիությունը պատրաստվում է տրամադրել հարյուր միլիարդավոր եվրո լրացուցիչ պաշտպանության ֆինանսավորում: Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Խոսքը, մասնավորապես, բյուջեի կանոնների փոփոխության, հնարավոր համաֆինանսավորման եւ առկա միջոցների վերաբաշխման մասին է՝ ազգային ռեսուրսների ազատման նպատակով:

Միեւնույն ժամանակ, գրել է Bloomberg-ը, Եվրոպան բախվում է երկու բարդ խնդրի. նրա պաշտպանական արդյունաբերությունը թերզարգացած է եւ պատրաստ չէ արագ վերազինման, իսկ զենքի պաշարներ գրեթե չկան Ուկրաինայի աջակցության պատճառով։ Միեւնույն ժամանակ, տեղական զենք արտադրողներին աջակցելը պահանջում է ժամանակ եւ գումար, որոնք երկուսն էլ անբավարար են: Այս իրավիճակը ստիպում է ԵՄ-ին փնտրել հասանելի ցանկացած ռեսուրս, նշել է գործակալությունը։

Նրա տվյալներով՝Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի պաշտպանության ծրագիրը «կազմված կլինի երեք տարրերից», բոլորն էլ բարդ են, եւ դեռ պարզ չէ, թե որքանով կիրականացվեն։ Բանակցությունները կկենտրոնանան հատկապես պաշտպանության ծախսերը բյուջեի դեֆիցիտի հաշվարկներից բացառելու վրա եւ կարող են կազմել ազգային ՀՆԱ 1-2 տոկոսը երկուսից չորս տարվա ընթացքում:

Բացի այդ, ֆոն դեր Լյայենը փակ քննարկումների ժամանակ առաջ է քաշել ԵՄ չծախսված միջոցները, այդ թվում՝ COVID-19 համաճարակից վերականգնելու համար հավաքագրված գումարները վերօգտագործելու գաղափարը: Bloomberg-ի փոխանցմամբ՝ արտահայտվել է նաեւ Եվրոպական կայունության մեխանիզմի կիրառման գաղափարը։ Բայց այս տարբերակը մնում է բարդ, քանի որ չի ներառում ոչ եվրոգոտու երկրներին, օրինակ՝ Լեհաստանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով