Վաշինգտոնի ճնշման տակ Կիևը համաձայնել է ստորագրել գործարքը, որով Միացյալ Նահանգները կարողանալու է համատեղ արդյունահանել Ուկրաինայի ընդերքում եղած հազվագյուտ հանածոները՝ որպես փոխհատուցում միլիարդավոր այն դոլարների, որոնք ամերիկյան կողմը պատերազմի մեկնարկից ի վեր տվել է Ուկրաինային: ԱՄՆ նախագահը հայտնել է, որ Զելենսկին ուրբաթ օր մեկնելու է Վաշինգտոն՝ իր հետ Սպիտակ տանը ստորագրելու համաձայնագիրը։
Իսկ ինչո՞ւ են ուկրաինական հանածոներն այդքան պետք Թրամփին։
Հազվագյուտ հանքահումքի համաշխարհային պաշարների մոտ 5 տոկոսը, ըստ գնահատումների, հենց Ուկրաինայում է՝ երկրի ընդերքում կան եվրոպական չափանիշներով հազվագյուտ համարվող 34 հանքանյութերից 22-ը։
Գրաֆիտի ապացուցված պաշարները, որոնք երկրի կենտրոնական ու արևմտյան շրջաններում են գտնվում, հասնում են մոտ 19 միլիոն տոննայի, ինչը համաշխարհային պաշարների մոտ 20 տոկոսն է կազմում։ Սրա շնորհիվ Ուկրաինան այս հանքանյութի առաջատար մատակարարներից է աշխարհում։ Գրաֆիտը կիրառվում է վերջին տարիներին ողջ աշխարհը գրավող էլեկտրական մեքենաների մարտկոցների և միջուկային ռեակտորների արտադրությունում։
Եվրոպայում լիթիումի պաշարների մեկ երրորդը ևս Ուկրաինայում են՝ երկրի կենտրոնական, արևելյան ու հարավարևելյան շրջաններում. այս հանքանյութը կիրառվում է ժամանակակից սարքավորումների մարտկոցների արտադրությունում։
Նախքան պատերազն Ուկրաինային էր բաժին ընկնում ինքնաթիռների արտադրության ու էլեկտրակայանների կառուցման մեջ օգտագործվող տիտանի արդյունահանման համաշխարհային ծավալների մոտ 7 տոկոսը. այս մետաղի հանքավայրերը գտնվում են երկրի կենտրոնական ու հյուսիսարևմտյան շրջաններում։ Ուկրաինան ունի նաև հողային հազվագյուտ մետաղների զգալի պաշարներ։
Ուկրաինական այս պաշարներին հասանելիություն ստանալն անհրաժեշտ է Թրամփին Չինաստանի դեմ դիմակայությունում։