«Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացն սկսելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգելու մտադրություններ չկան: Այս մասին մարտի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արման Եղոյանը։
«Ես կարող էի ընդհանրապես չնախատեսել հանդիպումը, բայց ես էի այն նշանակողը։ Եթե մտադրություններ լինեին, գուցե այսօր չնախատեսեի։ Ընդհակառակը, հենց այսօր այն նշանակելու մտադրություն կար»,- հավելեց նա։ Պատգամավորը բացատրեց, որ համապատասխան քաղաքական կամքի առկայության դեպքում որոշումը կարող է կայացվել նույնիսկ արտահերթ ժողովի ժամանակ։ «Եթե մենք առաջնորդվեինք աշխարհաքաղաքական գործընթացներով, ապա հարցը ոչ թե մի քանի օրվա, այլ ամիսների կամ տարիների խնդիր կլիներ»,- վստահեցրեց Եղոյանը։
Նա նշեց, որ տեքստի, այդ թվում՝ «Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ձևակերպման հետ կապված հարցեր չեն ծագել, և քննարկումները վերաբերում են երեք կետի և առնչվում են տեխնիկական պատճառների։ Պատգամավորը պարզաբանեց, որ Կառավարությունն առաջարկել է հոդվածները համարակալել, օրինագծի ուժի մեջ մտնելու ժամկետներ սահմանել, նախաբանը հանել տեքստից։ «Որպեսզի նախագիծը կոնկրետ այս քառօրյայի օրակարգ ընդգրկվի, պետք է մինչև ժամը 12:00-ն ավարտեինք քննարկումները և որոշումն ուղարկեինք Ազգային ժողովի խորհրդի նիստին։ Քանի որ չկարողացանք պահպանել այս ժամկետները, նախընտրեցինք հանգիստ շարունակել քննարկումը»,- եզրափակեց Արման Եղոյանը։