ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանից ապրանքների մաքսատուրքերը 10-ից կրկնապատկել է մինչև 20%, ասվում է Սպիտակ տան կայքում հրապարակված հրամանագրում։ Նա իր որոշումը բացատրել է նրանով, որ Պեկինը « անհրաժեշտ քայլեր չի գործադրում սինթետիկ օփիոիդների, այդ թվում՝ ֆենտանիլի» հոսքը Միացյալ Նահանգներ դադարեցնելու համար: Դա, ըստ Թրամփի, «արտառոց սպառնալիք է ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը, արտաքին քաղաքականությանը և տնտեսությանը»։
Սպիտակ տան ղեկավարը նաև ասել է, որ Կանադայի և Մեքսիկայի համար մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն մարտի 4-ին, և բացառել է հետաձգումները։ 25%-ի չափով մաքսատուրքեր կսահմանվեն երկու երկրներից ներմուծվող բոլոր ապրանքների համար, որոնց ընդհանուր արժեքը տարեկան կազմում է մոտ 1,5 տրիլիոն դոլար, բացառությամբ կանադական էներգակիրների, որոնց վրա դրվելու է 10% մաքսատուրք:
Չինաստանը, ինչպես նշում է scmp.com-ը, ի պատասխան 15%-ի չափով լրացուցիչ մաքսատուրքեր է սահմանել ԱՄՆ-ի գյուղատնտեսական արտադրանքի համար։ Այս մասին հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարությունը:
ԱՄՆ-ից ներմուծվող հավի, ցորենի, եգիպտացորենի և բամբակի վրա լրացուցիչ 15% մաքսատուրք է սահմանվում։ Սոյայի, խոզի, տավարի, ծովային մթերքի, մրգերի, բանջարեղենի և կաթնամթերքի վրա կգործի լրացուցիչ 10% մաքսատուրք։
Չինաստանը նաև 15 ամերիկյան ընկերություն ներառել է արտահանման վերահսկման իր ցուցակում՝ «պաշտպանելու երկրի անվտանգությունն ու շահերը»։ Խոսքը Leidos, Gibbs&Cox, IP Video Market Info, Sourcemap, Skydio, Rapid Flight, Red Six Solutions, Shield AI, HavocAI, Neros Technologies, Group W, Aerkomm, General Atomics Aeronautical Systems, General Dynamics Land Systems и Aero Vironmentն ընկերությունների մասին է:
Բացի այդ, Պեկինը 10 ամերիկյան ընկերություն է ավելացրել անվստահելի կազմակերպությունների ցանկում։
Չինաստանի առևտրի նախարարության ներկայացուցիչն ընդգծել է, որ երկիրը պատասխան միջոցներ կձեռնարկի իր իրավունքները և շահերը պաշտպանելու համար։ Դրանից հետո Չինաստանը նոր հայց է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը: