Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ Իգդիր-Նախչիջևան գազատարի բացման արարողության ժամանակ խոսել է երկու երկրների միջև «եղբայրական հարաբերությունների» մասին՝ հիմնված «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի վրա, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Թուրքիայի նախագահը նշել է, որ Ադրբեջանի հետ համատեղ ռազմավարական նախագծեր են իրականացվել։
«Իգդիր- Նախչիջևան գազատարը կլրացնի մեր ռազմավարական նախաձեռնությունները էներգետիկայի ոլորտում»,- հայտարարել է նա։
Միևնույն ժամանակ, ինչպես պնդում է Էրդողանը, «Թուրքիան և Ադրբեջանը խաղաղության և բարգավաճման կողմն են»։
«Ցանկանում ենք միայն կայունություն, խաղաղություն և համագործակցություն, համատեղ զարգացում տարածաշրջանում։ Արդեն բազմաթիվ քայլեր ենք արել այս ուղղությամբ և ցուցաբերել անկեղծություն։ Մենք վճռական ենք շարունակելու համատեղ իրականացնել տարածաշրջանում խաղաղության և բարգավաճմանն ուղղված բոլոր ծրագրերը։ Ինչպես մեր սիրելի Ադրբեջանը մեր կողքին էր Թուրքիայի երկրաշարժի ժամանակ, ամենածանր օրերին, այնպես էլ մենք կլինենք մեր եղբայրների կողքին ցանկացած պահի, երբ դրա կարիքը լինի»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։