Եվրամիության առաջնորդները, հանդիպելով նախագահ Դոնալդ Թրամփի օրոք Միացյալ Նահանգների կողմից լքվելու հեռանկարին, հինգշաբթի սկսեցին արտակարգ բանակցություններ՝ փորձելով ամրապնդել իրենց անվտանգությունը եւ ապահովել Ուկրաինայի պաշտպանությունը, տեղեկացրել է Associated Press-ը:
Գերմանիայի հաջորդ հավանական կանցլեր Ֆրիդրիխ Մերցը եւ գագաթաժողովի նախագահ Անտոնիու Կոշտան Բրյուսելում նախաճաշի ժամանակ քննարկել են կարճ ժամանակում Եվրոպայի պաշտպանունակության հզորացման ուղիները:
Մերցն այս շաբաթ առաջ է քաշել պլաններ՝ թուլացնելու ազգային պարտքի ավելացման վերաբերյալ կանոնները՝ հնարավոր համարելով ավելի շատ պաշտպանական ծախսեր:
Միեւնույն ժամանակ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԵՄ առաջնորդների հետ կքննարկի Ֆրանսիայի միջուկային զսպիչ միջոցների օգտագործման հնարավորությունը «մայրցամաքը ռուսական սպառնալիքներից պաշտպանելու համար»:
Այս ամեննն ընդգծել է դրամատիկ փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել Թրամփի պաշտոնավարումից հետո երկու ամսվա ընթացքում եւ անմիջապես կասկածի տակ դրել Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի միջեւ համագործակցության սկզբունքները, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր արեւմտյան անվտանգության հիմքն են կազմել:
«Հաշվի առնելով ԱՄՆ քաղաքականության այս խոր տեղաշարժերը եւ մայրցամաքում նոր պատերազմի շարունակական վտանգը՝ Եվրոպան պետք է լուծի իր պաշտպանական կարեւոր մարտահրավերները»,- նշվել է Եվրոպական քաղաքականության կենտրոնի մեկնաբանությունում:
Գագաթաժողովին մասնակցում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենն առաջարկել է հարկաբյուջետային կանոնները թուլացնելու ծրագիր, որպեսզի այն երկրները, որոնք պատրաստ են, կարողանան շատ ավելին ծախսել պաշտպանության վրա:
Նրա առաջարկն ամրագրված է 150 մլրդ եվրոյի վարկերով՝ առաջնահերթ ռազմական տեխնիկա գնելու համար: Պաշտպանական ծախսերի մեծ մասը պետք է ստացվի ազգային բյուջեներից այն ժամանակ, երբ շատ երկրներ արդեն ծանրաբեռնված են պարտքերով:
Ֆրանսիան ամբողջ ուժով պայքարում է կրճատելու ՀՆԱ 5տոկոսի չափից ավելի տարեկան բյուջեի դեֆիցիտն այն բանից հետո, երբ իր ընդհանուր պարտքի բեռը հասել է ՀՆԱ 112տոկոսին, ինչը պայմանավորված էր COVID-19 համաճարակի եւ էներգետիկ ճգնաժամի ժամանակ բիզնեսներին եւ սպառողներին օգնելու ծախսերով Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո։ Եվրո օգտագործող եւս հինգ երկրներ ունեն ՀՆԱ 100 տոկոսից ավելի պարտքի մակարդակ՝ Բելգիա, Հունաստան, Իսպանիա, Իտալիա եւ Պորտուգալիա: Գերմանիան՝ Եվրոպայի ամենախոշոր տնտեսությունը, ունի ավելի մեծ փոխառու կարողություններ՝ պարտքի մակարդակը կազմում է ՀՆԱ 62 տոկոսը:
Անվտանգության ապահովման ցանկացած պլանի մասն է նաեւ Ուկրաինայի առավել խոցելի դարձող դրությունը։

