Հայաստանը պետք է դառնա կանխատեսելի և պարզ բարձրաձայնի իր գերակայությունները. Ավետ Ադոնց

ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար հիշեցնում է, որ ժամանակին Հայաստանը տարածաշրջանի կանխատեսելի խաղացողներից մեկն էր, մասնավորապես՝ անվտանգության բնագավառում։
 Հայաստանը աշխարհի համար անծանոթ պետություն չէ ու չի եղել։ Այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար Ավետ Ադոնցը` մեկնաբանելով Դիվանագետի օրվա առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթում հնչած դրույթները։
Նշենք, որ իր ելույթում Փաշինյանը հայտարարել էր՝ ժամանակակից աշխարհը շարունակում է հիմնականում անծանոթ վայր և միջավայր մնալ Հայաստանի համար, ու նույնքան էլ նա է աշխարհի համար շարունակում մնալ անծանոթ միջավայր:
«Մենք աշխարհի համար անծանոթ պետություն չենք, մենք գրեթե բոլոր երկրների կողմից ճանաչված ենք որպես պետություն` իր տարածքային ամբողջականությամբ և տարածքով։ Բացի այդ, ՀՀ-ն ճանաչված է ամբողջ աշխարհով, ու ոչ միայն 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած դժբախտությունների միջոցով, այլև իր նորագույն պատմությունով , իր և հայ ժողովրդի դերով` Սովետական Միության կոլապսից հետո նոր պետությունների ձևավորման գործընթացում»,–ասաց Ադոնցը։
Նրա խոսքով` այսօր տարածաշրջանում իրավիճակ է փոխվել, և գուցե նոր պայմաններում միջազգային գործընկերներն ուզում են նորովի ճանաչել Հայաստանը։ Դրա համար, ըստ դիվանագետի, մեր պետությունը պետք է կանխատեսելի դառնա և պարզ հնչեցնի իր գերակայությունները։
«Ես կարծում եմ, որ մեր դիվանագիտական հարթության մեջ կա որոշակի անորոշություն` կոնկրետ և հստակ աշխատանքներ կատարելու և համապատասխան արդյունքներ ունենալու համար»,–ասաց նա։
Նրա կարծիքով` այսօր մեր երկրի դիվանագիտական օրակարգը դարձել է ավելի նեղ, հաշվի առնելով, որ չկան բանակցություններ Արցախի հակամարտության կարգավորման վերաբերյալ։
«Այսօր չկան այդ օրակարգերը ոչ միայն Մինսկի խմբի շրջանակներում, այլև տարբեր միջազգային հարթակներում։ Ես չեմ ասում, որ միայն դա է եղել դիվանագիտական աշխատանքի օրակարգը , բայց դա այն օրակարգն էր, որով լուծվում էր մեր դիվանագիտության համար մեկ խնդիրը` Հայաստանի անվտանգության ապահովումը։ Բացի այդ, Ռուսաստանի հետ հարաբերություններն ու դրանց որակն է փոխվել , ԵՄ–ի հետ հարաբերությունները կարծես թե փորձում են էլ ավելի խորացնել, բայց դրանց հեռանկարներն էլ ավելի անհասկանալի են»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է աշխարհում նոր քաղաքական միջավայրին, ըստ Ադոնցի` իրավիճակը շատ պարզ է. մասնավորապես՝ ԱՄՆ–ում տեղի ունեցած ընտրություններից հետո դիրքորոշում է փոխվել, կանխատեսելիության մակարդակը գնալով էլ ավելի է բարձրանում, գլոբալիզացիայի դեմ պայքար է ընթանում, և այդ պայմաններում ավելի հեշտ կլինի կանխատեսել միջազգային քաղաքականությունը և դրա շրջանակներում տեղի ունեցող զարգացումները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով