Մեր տարածաշրջանում չկա մեծ ընտրություն` կամ ՌԴ դաշնակիցն ես, կամ Թուրքիայի «նոքյարը». Շարմազանով

«Ինչքան պետք է չսիրես սեփական պետությունը, որ այս իրավիճակում խելամիտ քաղաքական չեզոքություն պահպանելու փոխարեն հակառուսական ու պրոուկրաինական, պրոարևմտյան ելույթներ ունենաս»։ Այս մասին այսօր՝ մարտի 7-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում ասաց ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը։

«Ես Ուկրաինայի դեմ ոչինչ չունեմ, բայց Ուկրաինայի այսօրվա վարչակազմը՝ Զելենսու գլխավորությամբ, հիշու՞մ եք՝ ինչպես է իրեն պահել 44-օրյա պատերազմից հետո. Կիևի փողոցները զետեղված էին Ալիևին շնորհավորանքներով և Շուշիի գրավման պաստառներով։ Ու էդքանից հետո դու Արևմուտքի դուրը գալու համար Ռուսաստանի դեմ մի երկու ծղրտոց ավել ես անում ու քո պետության անվտանգությունը դնում ես վտանգի տակ»,–ասաց Շարմազանովը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին։

Էդուարդ Շարմազանովի խոսքով, շատերին թվում է, թե Նիկոլ Փաշինյանը շուտով կրկին կթեքվի դեպի Ռուսաստանի Դաշնություն, ինչը, սակայն, ապարդյուն է։

«Նախ ասեմ, որ Մոսկվան արցունքներին չի հավատում։ Երկորդը՝ ես այն կարծիքին չեմ, որ նիկոլիզմը թռնելու է Ռուսաստանի գիրկը, ասեմ ինչու՝ քանի դեռ Ուկրաինայի ճգնաժամը չի ավարտվել, Հարավային Կովկասի ապագայի հետ կապված դեռևս վերջնական որոշում չկա։ Եվ դա «լավ հնարավորություն» է թուրք-արևմտյան-պրոեվրոպական ուժերի համար, որպեսզի այստեղ ավարտին հասցնեն իրենց ծրագիրը՝ «միջին միջանցքը» »,–ասաց  նա։

Էդուարդ Շարմազանովի խոսքով` մեր տարածաշրջանում չկա մեծ ընտրություն` կամ ՌԴ դաշնակիցն ես, կամ Թուրքիայի «նոքյարը»։ ԱԺ նախկին փոխխոսնակն հիշեցրեց, որ ՀՀ–ում տեղակայված հենց ռուսական ռազմաբազան է բազմիցս պաշտպանել մեզ թուրքական ինտերվենցիայից, և այս դեպքում պատմությունից դասեր է պետք քաղել։

Նա նշեց, որ ՀԱՊԿ–ից դուրս գալու թեման կատարյալ հիմարություն է, և դեմ է Հայաստանի պետական շահերին։

«Ոչ ոք չի ասում, որ պետք է կտրել բոլոր կապերը։ Անհրաժեշտ է աշխատել և ԱՄՆ-ի նոր վարչակազմի, և Բրյուսելի հետ, բայց Ռուսաստանի հետ հարաբերությունները բոլորովին այլ հարթության մեջ են։ Այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, թուրք–գլոբալիստական ծրագրի իրականացումն է՝ երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը ոչնչացնելու նպատակով` դա փաթեթավորելով «Ռուսաստանի գուբերնիա» չդառնալու գեղեցիկ, ականջահաճո կոնֆետի մեջ։ Սա ասվում է այն դեպքում, երբ քո երկիրն ամենաէժան գազը ստանում է ՌԴ-ից կամ երբ դու միակ երկիրն ես ԱՊՀ–ում, որն ունի ռուսական «Իսկանդեր», իսկ քո երկիր միլիարդավոր դոլարներ են մտնում ԵԱՏՄ–ում գտնվելու շնորհիվ»,–ասաց Շարմազանովը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով